Իսրայելի Քնեսեթը (խորհրդարանը) հուլիսի 18-ին քվեարկել է պաղեստինյան պետության ստեղծման դեմ բանաձևի օգտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը։
Հրատարակության տվյալներով՝ փաստաթղթին կողմ է քվեարկել 68, դեմ՝ 9 մարդ։ Բանաձևն ամբողջովին մերժում է պաղեստինյան պետության ստեղծումը՝ նույնիսկ Իսրայելի հետ բանակցությունների միջոցով իրավիճակի կարգավորման շրջանակներում:
«Իսրայելի Քնեսեթը վճռականապես դեմ է Հորդանանի արևմուտքում պաղեստինյան պետության ստեղծմանը: Պաղեստինյան պետության ստեղծումը Իսրայել երկրի սրտում գոյութենաբանական վտանգ կստեղծի Իսրայել պետության և նրա քաղաքացիների համար, կհավերժացնի իսրայելապաղեստինյան հակամարտությունը և կապակայունացնի տարածաշրջանը», - մեջբերում է պարբերականը հատված բանաձևից։
2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հարձակում գործեց Իսրայելի վրա, որի հետևանքով զոհվեց 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվեց։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում պաղեստինյան անկլավում զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, հասել է 38 800-ի։ Իսրայելը խոստացել է շարունակել գործողությունները մինչև ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը։