Հետևեք մեզ։

Թուրքական ընդդիմադիր թերթում հրապարակվել է պոլսահայ լրագրողի հոդվածը ծպտյալ հայերի մասին

12:19, 18 հուլիս 2024
Թուրքական ընդդիմադիր թերթում հրապարակվել է պոլսահայ լրագրողի հոդվածը ծպտյալ հայերի մասին

Պոլսահայ լրագրող Հայկո Բաղդատը, ով 2016-ից ի վեր, ստիպված լքելով Թուրքիան, բնակություն է հաստատել Գերմանիայում, հայտնի է խոսքի ազատության, մարդու իրավունքների և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում իր համառ և անձնազոհ պայքարով։ Նա թուրքական ընդդիմադիր «Artigercek» թերթում հրապարակել է հոդված Թուրքիայում ապրած և ապրող ծպտյալ հայերի, հույների և հրեաների մասին, գրում է Ermenihaber.am-ը։

Բաղդադն անդրադարձել է այն տարբեր խոսակցություններին, որոնց համաձայն՝ շատ հայտնի քաղաքական գործիչներ ունեն հայկական, հրեական և կամ հունական արմատներ: Այս ամենին զուգահեռ հոդվածի հեղինակը հարցադրումներ է արել Թուրքիայում ապրած փոքրամասնությունների ներկայացուցիչների և այօր նրանց ծպտյալ լինելու պատճառների վերաբերյալ:

«Աբդուլլահ Գյուլի մայրը հա՞յ է: Սաբիհա Գյոքչենը, Մեսութ Յըլմազը, Ադնան Քահվեջին, Դևլեթ Բահչելին հա՞յ են: Սևքի Յըլմազը, Մուրադ Քարայալչըն, Աբդուլլահ Օջալանը, Հաքան Ֆիդանը, Ֆեթհուլլահ Գյուլենը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հա՞յ, հու՞յն, թե՞ հրեա են:

Այժմն քանի՞ հայ կա, որոնք, իրենց ինքնությունը կոծկելով, մուսուլմանի, ալևիի և քուրդի պես շարունակում են ապրել Թուրքիայում: Ինչու՞ են հայերը ստիպված եղել թողնել իրենց հայկական ինքնությունը:

Եթե Աբդուլլահ Գյուլի մոր էջում մի կին իրականում հայ է, այդ կնոջ նկատմամբ այս դաժանությունն ով է իրականացրել: Այդ հայերն ինչպես են վերածվել իսլամական ավանդույթները կրող  ընտանիքի: Ինչու՞ են բոլոր մայրերը, տատիկները հայ լինում, իսկ հայրերն ու պապիկները՝ երբեք: Այն ինչ արել է «Իսլամական պետությունը» եզդի կանանց նկատմամբ, Թուրքական պետությունն արել է հայ կանանց նկատմա՞մբ։

Թուրքիան գիտի՞, թե նախկինում ովքեր են հայ եղել: Այդ տվյալներն արդյո՞ք ինչ-որ տեղ կան: Այդ տվյալները պետք եղած ժամանակ արդյո՞ք օգտագործվում են: Անցյալում հայ լինելն այսչափ հանցա՞նք է եղել, իսկ այսօր դեռևս հայ մնացածներն ի՞նչ նշանակություն ունեն Թուրքիայի համար:

«Թուրքիայի պատմագիտական խորհուրդը» ղեկավարած, «ԱՇԿ»-ի և «Լավ կուսակցության» պատգամավոր հանդիսացած Յուսուֆ Հալաչօղլուն (թուրք պատմաբան և քաղաքական գործիչ-խմբ.) 2010-ին կատարած մի գրության մեջ հետաքրքիր հաշվարկներ էր ներկայացրել»:

Բաղդատը գրել է, որ Հալաչօղլուի հաշվարկների հիման վրա այսօր Թուրքիայում 500.000 ծպտյալ հայ է ապրում, ինչը նաև, ըստ նրա, փաստում է Հայոց ցեղասպանության մասին թուրքական կողմի պնդումների անհիմն լինելու մասին:

Նրա խոսքով՝ նույնիսկ ցեղասպանություն իրականացնելուց հետո թուրքական պետությունը հետզհետե ասիմիլացվող հայերի նկատմամբ ցանկանում էր շարունակել իր որսը: 

Պոլսահայ հոդվածագիրն Անկարայի նախկին քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի հաշվարկները ևս ներկայացրել է: Դրանց համաձայն՝ 1914-ին Օսմանյան կայսրությունում ապրել են 3.353.825 հայ, հույն և հրեա, որոնք կազմել են բնակչության 18.22 տոկոսը:

Փոքրամասնությունների թվաքանակը ներկայացնելուց հետո նա, իր խոսքով, պարզ մաթեմատիկայի հիման վրա, հաշվի առնելով 1914-ին եղած մարդկանց քանակը, հաշվել է, թե 2024-ին որքան հայ, հրեա և հույն պետք է ապրեր Թուրքիայում:

«Թուրքիայի բնակչությունը 2024-ին կազմում է 85 մլն 372.377: Եթե հիմք վերցնենք նույն տվյալները՝ Թուրքիայում կա 15 մլն 554.847 հույն, հայ և հրեա»:

Այս ամենը ներկայացնելուց հետո Բաղդատը գրել է, որ այս օրերին Թուրքիայում ապրող 15 միլիոնից ավել հայերին, հրեաներին և հույներին ճանաչելու ցանկություն ունի։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։