Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով գտնվում է Թբիլիսիում` գործընկերոջ, Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված բնակչության, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հրավերով:
Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են առողջապահական ոլորտին առնչվող տարաբնույթ հարցեր, համընդհանուր խնդիրներ, որոնց լուծման շուրջ կարևորվել է երկու երկրների առողջապահական գերատեսչությունների առավել սերտ փոխգործակցությունը, առկա մարտահրավերներին ժամանակին անդրադառնալը:
Անդրադարձ է եղել նաև համագործակցության խորացմանը և փորձի փոխանակման հնարավորություններին, մասնագիտական խմբերի համար հարթակների ձևավորման գաղափարին:
Նախարարը ներկայացրել է նաև էլեկտրոնային առողջապահության բնագավառում վերջին բարեփոխումները, շեշտադրվել է բուժանձնակազմի շարունակական կրթական բաղադրիչի կարևորությունը:
Համատեղ ընդգծել են դեղերի գների և գրանցման քաղաքականությունը պարբերաբար վերանայելու կարևորությունը, կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը` համընդհանուր գործընկերների, մասնավորապես` Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներգրավմամբ:
Առողջապահական հարցերի շուրջ քննարկումները շարունակվել են Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչ, Վրաստանի առողջապահության պաշտպանության և սոցիալական հարցերի կոմիտեի նախագահ Զազա Լոմինաձեի հետ հանդիպման ընթացքում: