Հետևեք մեզ։

Մի կերպ դարձավ քաղաքապետ և հիմա Երևանի բյուջեն է «ուտում»․ քաղաքապետարանը ևս թանկարժեք մեքենաներ է գնել․ «Հրապարակ»

09:50, 19 հուլիս 2024
Մի կերպ դարձավ քաղաքապետ և հիմա Երևանի բյուջեն է «ուտում»․ քաղաքապետարանը ևս թանկարժեք մեքենաներ է գնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ ժողովրդի կյանքը դժոխքի վերածած Նիկոլ Փաշինյանի իշխանությունում որոշել են, որ դրան ուղիղ համեմատական պետք է իրենց կյանքն էլ ավելի դրախտային հարմարավետության ձգտի։ Դեռ անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Փաշինյանի կառավարությունն ավելի քան մեկ միլիարդ դրամ է հատկացրել 49 նոր ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար:  Կառավարության հուլիսի 11-ի նիստում համապատասխան որոշում ընդունվեց, համաձայն որի՝ կառավարությունը գնելու է թանկարժեք ամենագնացներ, որոնց թվում՝  Volvo XC90 ներկայացուցչական ամենագնաց, որի արժեքը 43,8 միլիոն դրամ է՝ մոտ 110 հազար դոլար: Խնդիրն այն չէ, որ 2020 թվականից հետո այս իշխանությունը եւ մանավանդ Նիկոլ Փաշինյանը եթե մի փոքր բարոյականություն ու ամոթ ունենային, ոչ թե ճոխ վայելքներ կապահովեին իրենց համար, այլ կհեռանային եւ անգամ  կամաչեին  երբեւէ մարդամեջ  դուրս գալ․ Նիկոլ Փաշինյանը եւ իր կինն ամենօրյա ռեժիմով ապացուցում են, որ թքած ունեն հայության տառապանքի ու վշտի վրա, իրենք որոշել են կյանքը վայելել` ալպիական մանուշակի մեջ ապրող անհոգ բզեզի պես:

 

Եվ խնդիրն այն էլ չէ, որ նույն Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, պնդում էր, որ պետական պաշտոնյաներին բավարար է 30-35 ծառայողական ավտոմեքենան, եւ «պադավատապետություն» բառի հեղինակային իրավունքն էլ հենց նրան է պատկանում: Սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դեպքն է, երբ նա դավաճանում է իր սկզբունքներին, երբ անում է ճիշտ հակառակը, ինչ քարոզել էր մինչեւ վարչապետ դառնալը: Խնդիրն այն է, որ նրանք այս շռայլ ու ոչ անհրաժեշտ ծախսերը թույլ են տալիս հիմա, երբ երկիրը, իրենց իսկ հայտարարությունների համաձայն, պատերազմի նախաշեմին է, եւ բյուջեում արդեն փողի սղություն կա: Այնպիսի սղություն, որ կառավարությունը պարբերաբար բոլոր գերատեսչություններին շրջաբերականներ է իջեցնում՝ հորդորելով բավարարվել միայն խիստ առաջնային ծախսեր անելով, իսկ բոլոր այն ծախսերը, որոնք կարելի է հետաձգել, չանել: Խնդիրն այն է, որ մենք պարբերաբար տեղեկանում ենք, որ ՊՆ-ի այս կամ այն ավտոմեքենան վթարվել է, քանի որ հին էր, մաշված, վաղուց փոխելու ժամանակն էր, իսկ կառավարությունը բարձրաստիճան պաշտոնյաների համար է 2024 թվականի մեքենաներ գնում` միլիարդից ավելի արժողությամբ: Ցանկացած նորմալ կառավարության համար  ՊՆ խարխուլ ավտոպարկը փոխելը կլիներ առաջնահերթություն, որ հնարավորինս նվազեցվեն ողբերգական ելքով, զոհերով ավտովթարները: 6 տարում մարդկային կորուստների գծով այս իշխանությունն արդեն «ռեկորդ» է սահմանել։

 

Սակայն պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանից հետ չի մնում նաեւ Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը, ով մի կերպ դարձավ քաղաքապետ եւ հիմա Երեւանի բյուջեն է «ուտում»` ավելորդ ու անիմաստ, ցոփ ու շվայտ ծախսեր անելով, հիմա էլ բյուջեի հաշվին թանկարժեք ծառայողական ավտոմեքենաներ է գնում։ Այսպես. քաղաքապետարանը մայիսին «Էկո մոթորս գրուպ» ՍՊԸ-ի հետ 220 մլն դրամ արժողության պայմանագիր է կնքել, համաձայն որի՝ քաղաքապետարանը 20 ծառայողական մեքենա է գնում նշված ընկերությունից՝ չինական արտադրության, յուրաքանչյուրը՝ 11 միլիոն դրամով։ Ընդ որում՝ պայմանագրում ավտոմեքենաների նկարագրությունից պարզ է դառնում, որ դրանք բարձր դասի՝ 2024 թվականի արտադրության ավտոմեքենաներ են։ Այսինքն՝ Տիգրան Ավինյանն ու Երեւանի քաղաքային իշխանությունը երեւանցիներին խայտառակ որակի հանրային տրանսպորտի ծառայություններ են մատուցում, փոխարենը լուծում են իրենց՝ բարձրաշխարհիկների հարմարավետության խնդիրը, որ կոմֆորտով տեղաշարժվեն:

 

Մինչդեռ ամիսներ առաջ նույն Ավինյանը խոստանում էր էլեկտրական ավտոբուսներ գնել, հաշվարկներ էր ներկայացնում, որ խնդիր են դրել տարիներ հետո ավտոպարկն ամբողջությամբ փոխել, դարձնել էլեկտրական ավտոբուսներ, որոնք էկոլոգիապես ավելի մաքուր են, անվտանգ: Դրանք, փաստորեն, միայն հայտարարություններ են, իրականում առաջնահերթ հոգում են քաղաքապետարանի մի խումբ պաշտոնյաների՝ պադավատ ունենալու բնական կարիքները»։

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։