Գիշերը Թել Ավիվը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, որի հետևանքով կա 1 զոհ, մի քանի վիրավոր։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են հութիները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel պարբերականը։
ԱԹՍ-ն քաղաքին է մոտեցել ծովի կողմից և գիշերը ժամը 3։12-ին հարվածել է քաղաքում գտնվող բնակարաններից մեկին։ Ըստ շտապ օգնության ծառայության՝ 1 մարդ զոհվել է բեկորային վնասվածքից, 8 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։
Իսրայելի ռազմաօդային ուժերի նախնական հետաքննությամբ պարզվել է, որ պայթուցիկով բեռնված ԱԹՍ-ն նույնականացվել է, սակայն մարդկային սխալի պատճառով հակաօդային պաշտպանության ուժերն այն չեն խոցել։ Եվ քանի որ նույնականացված թիրախի նկատմամբ ոչ մի գործողություն չի ձեռնարկվել, օդային տագնապի ահազանգեր չեն հնչել։
Հարձակման պատասխանատվությունը պաշտոնապես ստանձնել են Եմենի հութիները՝ նշելով, որ կշարունակեն հարվածել Իսրայելին՝ այդպես իրենց համերաշխությունը հայտնելով պաղեստինցիներին Գազայի պատերազմում։
Հութիների խոսնակը հայտնել է, որ Թել Ավիվը կշարունակի մնալ իրենց թիրախում` իրենց «զենքերի հեռահարության սահմաններում»։