Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնը իր զեկույցում մանրամասնում է արբանյակային պատկերների հիման վրա 2023 թվականի սեպտեմբերին «Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հայկական ժառանգության օբյեկտների անհանգստացնող անհետացումները կամ ոչնչացումը», գրում է Le Figaron-ն։
«Լեռնային Ղարաբաղի հազարամյա ժառանգությունը վտանգի տակ է։ Սա ոչ միայն 100.000 հայերի վախն է, ովքեր լքել են իրենց հողերը 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո, այլ նաև Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնի եզրակացությունը։ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը, որը հնագույն ժամանակներից ի վեր գրեթե շարունակաբար բնակեցված է հայերով, ունի մոտ 500 մշակութային վայրեր, որոնք պարունակում են հայկական ժառանգության մոտ 6000 մասունքներ:
2020 թվականի դրությամբ 44-օրյա պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի տարածքի գրեթե 70%-ն արդեն անցել է Բաքվի լծի տակ։ 2023 թվականի սեպտեմբերին ամբողջ տարածքը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ, Ադրբեջանը մշտապես մերժել է օտարերկրյա դիտորդներին մուտք գործել մշակութային վայրեր՝ չնայած Հայաստանի և միջազգային կազմակերպությունների բազմաթիվ խնդրանքներին։
Այսպիսով, հետազոտողների և կազմակերպությունների կողմից հավաքված արբանյակային պատկերների օգնությամբ հնարավոր է եղել կատարել ավերված եկեղեցիների, անհայտ կորած արձանների կամ ավերված գերեզմանոցների ճշգրիտ գույքագրումը։