Կապանի «Սյունիք» օդանավակայանում միջազգային թռիչքներ կազմակերպելու համար ներկայում ՀՀ կառավարությունը բանակցություններ է վարում «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոներ ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հետ, գրում է «Հետքը»:
Այս տարվա մարտի 13-ին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում հայտնել էր, թե Կառավարությունը ցանկություն ունի Կապանի օդանավակայանը ծառայեցնել ոչ միայն ներքին, ինչպես հիմա է (Երեւան-Կապան-Երեւան), այլեւ միջազգային չվերթերի համար:
2023 թ. սեպտեմբերին «Հետքը» գրել էր, որ «Սյունիք» օդանավակայանն արդեն ունի թե՛ IATA-ի, թե ICAO-ի միջազգային կոդեր (YUK եւ UDCK համապատասխանաբար), ինչը կարելի է միջազգային օդանավակայան դառնալու առաջին քայլ որակել: Գործնականում, սակայն, օդանավակայանը պետք է համապատասխանեցվի այն օրենսդրական պահանջներին, որոնք կիրառվում են միջազգային օդանավակայանների նկատմամբ:
Այսպես՝ «Ավիացիայի մասին» օրենքը սահմանում է, որ միջազգային օդանավակայան է համարվում ՀՀ տարածքում առանձնացված ցանկացած օդանավակայան՝ միջազգային օդային փոխադրումներ իրականացնող օդանավերի ընդունման եւ մեկնման համար, որտեղ իրականացվում են մաքսային, միգրացիոն, սանիտարական, կարանտինային եւ նմանատիպ ընթացակարգեր։ Սա նշանակում է, որ եթե Կապանը ինչ-որ պահի դառնա ՀՀ օդային դարպաս դեպի արտերկիր, ապա այնտեղ պետք է ստեղծվեն պայմաններ ոչ միայն արտերկրից ժամանող եւ դեպի արտերկիր մեկնող օդանավերի, այլեւ օդանավակայանում համապատասխան ծառայություններ իրականացնող պետական տարբեր մարմինների համար:
Սակայն օրենսդրության պահանջները բավարարելը միակ պայմանը չէ: Հարցն այն է, որ Կառավարությունը պետք է ստանա նաեւ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» (ԱՄՕ) ընկերության համաձայնությունը, որ «Սյունիքը» միջազգային օդանավակայան դառնա: Այս ընկերությունը Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոն կառավարիչն է:
2001-ի դեկտեմբերին ՀՀ կառավարության եւ Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկայի» միջեւ ստորագրված կոնցեսիոն պայմանագրով ամրագրվել է հետեւյալը.
«Եթե ՀՀ կառավարությունը ուղղակիորեն կամ երրորդ անձանց հետ կնքվող պայմանագրի միջոցով
(ա) կառուցում է օդավանակայանից («Զվարթնոցից» - հեղ.) բացի որեւէ այլ միջազգային օդանավակայան ՀՀ տարածքում կամ գոյություն ունեցող օդանավակայաններից որեւէ մեկը դարձնում միջազգային օդանավակայան կամ
(բ) կառուցում է տեղական նշանակության օդանավակայան օդանավակայանից («Զվարթնոցից» - հեղ.) երկու հարյուր հիսուն (250) կմ շառավղով հեռավորության վրա,
ապա նշված շինարարության սկսվելու պահից մինչեւ ավարտին հաջորդող մեկ տարվա ավարտի պահը կառավարիչն իրավունք ունի դադարեցնել սույն պայմանագիրը [...] եւ համապատասխան հատուցում ստանալ ՀՀ կառավարությունից:
Կողմերն ընդունում են ի գիտություն, որ Գյումրու օդանավակայանը սպասարկում է թռիչքներ ԱՊՀ երկրներ։ Գյումրու օդանավակայանը, բացի ԱՊՀ երկրներ թռիչքներից, միջազգային թռիչքներ սպասարկել չի կարող»։
Այս պայմանագրի հիման վրա 2002-ի հունիսից Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը 30 տարով կոնցեսիոն կառավարման հանձնվեց «Կորպորասիոն Ամերիկայի» դուստր ընկերությանը՝ Հայաստանում գրանցված ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին (ԱՄՕ): Իսկ 2007-ին պայմանագրի մեջ ներառվեց նաեւ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը:
Այսպիսով՝ երբ Հայաստանում որեւէ տեղական կամ միջազգային օդանավակայան է կառուցվում կամ էլ տեղական օդանավակայանը վերածվում է միջազգայինի («Զվարթնոցից» ուղիղ գծով 250 կմ շառավիղն ընդգրկում է ՀՀ ամբողջ տարածքը), անհրաժեշտ է ստանալ Երեւանի ու Գյումրու միջազգային օդանավակայանների կոնցեսիոների համաձայնությունը, այլապես վերջինս իրավունք ունի դադարեցնել կոնցեսիոն պայմանագիրն ու փոխհատուցում պահանջել ՀՀ կառավարությունից:
Մարտի 13-ին ԱԺ-ում Գ. Սանոսյանն ասել էր. «Մենք հիմա գործընկերների հետ բանակցում ենք այդ կետի հետ կապված փոփոխություն անելու համար»:
Մանրամասները՝ «Հետք»-ում: