Տարիներ առաջ Վիրահայոց թեմի առաջնորդի, փոխառաջնորդի և մի քանի հոգևոր հայրերի մեքենաների համարանիշները դիվանագիտական էին՝ այսինքն կարմիր պետհամարանիշ էին, իսկ մի քանի հոգևոր հովիվների մեքենաներին կանաչ պետհամարանիշ էր՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանող։ Մի քանի օր առաջ Վրաստանում Հայաստանի դեսպանությունը փոխանցեց, որպեսզի վերադարձնեն այդ համարանիշները։ Այս մասին Hayastan.news-ի հետ զրույցում ասաց Վիրահայոց թեմի մամլո դիվանի պատասխանատու Սուսաննա Խաչատրյանը։
Հարցին, թե ի՞նչ բացատրություն է տվել դեսպանությունն այդ պահանջը ներկայացնելիս, Խաչատրյանն ասաց․ «Դեսպանությունը փոխանցեց, որ ՀՀ իշխանության, ավելի շուտ՝ պետության որոշումն է։ Ըստ այդմ, բոլոր համարանիշները հանձնվեցին»։
Հարցին, թե դա առնչություն ունի՞ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի՝ Բագրատ սրբազանին աջակցելու հետ, Սուսաննա Խաչատրյանն ասաց․ «Չգիտեմ, թե որքանով ունի առնչություն, ես ձեռնպահ եմ մնում։ Հայտնի է, որ մեր թեմի առաջնորդն առաջին իսկ օրվանից աջակցում է Բագրատ սրբազանին»։
Հարցին, թե ի՞նչ առավելություն էին տալիս այդ համարանիշները, Սուսաննա Խաչատրյանն ասաց, որ նախ դա Վրաստանի իշխանությունների մոտ առաջացնում էր առանձնահատուկ հարգանք և ընդունում․ «Հարկ եղած դեպքում խցանումների ժամանակ, օրինակ, կարող էին առաջնորդել ծառայության մեջ գտնվող հոգևորականներին, հարգանքի նշան է, պետության ներկայություն է»։
Հարցին, թե ի՞նչ հարաբերություններ ունեն Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և թեմի առաջնորդը, միջոցառումներ, հանդիպումներ լինո՞ւմ են, Խաչատրյանն ասաց․ «Իհարկե, և՛ հանդիպումներ են լինում, և՛ համատեղ միջոցառումների են մասնակցում։ Մեկը պետության ներկայացուցիչն է, մյուսը՝ թեմի առաջնորդը»։