Հետևեք մեզ։

Նարեկ Նալբանդյանը հարցաքննվել է․ Սևանի ափի հյուրանոցի ձեռքբերման քրգործ Հակակոռուպցիոն կոմիտեն կարճել է․ «Հետք»

17:14, 19 հուլիս 2024
Նարեկ Նալբանդյանը հարցաքննվել է․ Սևանի ափի հյուրանոցի ձեռքբերման քրգործ Հակակոռուպցիոն կոմիտեն կարճել է․ «Հետք»

Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվել են սնանկության կառավարիչ Արսեն Չիտչյանը, գործարար Նարեկ Նալբանդյանը և հյուրանոցի նախկին սեփականատեր, գործարար Փայլակ Հայրապետյանը։ Այս մասին «Հետք»-ը տեղեկացել է քրեական վարույթը կարճելու որոշումից։

 

Կասկածելի գործարքներով 2018 թ․-ից հետո բիզնես հաջողություններ գրանցած գործարար Նարեկ Նալբանդյանը Սևանի ափին գտնվող 6 միլիոն դոլար գնահատված հյուրանոցը սնանկության դատարանի աճուրդից ձեռք էր բերել 18 անգամ ցածր գնով՝ 360 հազար դոլարով։ 

 

Նախաքննության ժամանակ Նարեկ Նալբանդյանը ցուցմունք է տվել, որ 2018-19 թթ․-երից արտադրությամբ, առևտրով և ներմուծմամբ զբաղվող «Պրոյեկ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է։ Ամերիաբանկում գրավադրված «Հայրապետ» հյուրանոցի ու հարակից երկու գույքի վաճառքի մասին իմացել է մի քանի տարի առաջ, հետևել է դրա արժեքին, սակայն, գինը թանկ է լինելու պատճառով, չի մասնակցել աճուրդին (1 միլիարդ դրամից ավել)։ Հետագայում տեղեկացել է, որ նույն գույքը աճուրդի է հանվել արդեն 210 մլն դրամով, ողջամիտ է համարել ու որոշել է մասնակցել աճուրդին։ Նարեկ Նալբանդյանը նշել է նաև, որ սնանկության կառավարիչ Արսեն Չիտչյանին նախկինում չի առնչվել, չի ճանաչել նաև գույքի սեփականատեր Փայլակ Հայրապետյանին։ Գործարարը հայտնել է նաև, թե իբր տեղյակ չի եղել՝ ինչի համար է հյուրանոցը գրավադրված եղել, նախկինում ինչ հարցեր են եղել։

 

Սնանկության կառավարիչ Արսեն Չիտչյանն էլ իր ցուցմունքում նշել է, որ կառավարիչ նշանակվելուց հետո հյուրանոցը ներկայացրել է գնահատման, որից հետո azdarar.am կայքում աճուրդի մասին հայտարարություն է տեղադրվել։ Աճուրդներին որևէ մասնակից չի եղել, և գույքի գինն ամեն անգամ նվազեցվել է 10 %-ով։ Ըստ նրա՝ 2021 թ․-ի մարտի 30-ի աճուրդին մասնակցել է միայն «Պրոյեկը ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն և գնել է հյուրանոցն ու մյուս գույքը։ Քրեական վարույթով հարցաքննվել է նաև գործարար Փայլակ Հայրապետյանը և պատմել, թե ինչպես են իրեն ունեզրկել։

 

Վարույթով մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ Փայլակ Հայրապետյանին պատկանող և Ամերիաբանկում գրավադրված գույքի աճուրդ-վաճառքների ընթացքում չարաշահումներ տեղի ունենալու, այդ գույքը «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի կողմից ձեռք բերելու իրական արժեքը պարզելու, ՍՊԸ-ի տնօրեն Նարեկ Նալբանդյանի, տվյալ գործով սնանկության կառավարիչ Արսեն Չիտչյանի, ինպես նաև Ամերիաբանկի աշխատակիցների միջև հնարավոր հանցավոր համաձայնության առկայությունը պարզելու նպատակով քննիչը հանձնարարություն է տվել հետաքննության մարմնին, սակայն հնարավոր չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ չեն ստացել։ Հաշվի առնելով նաև այդ հանգամանքը՝ քննիչը որոշել է կարճել քրեական վարույթը։

 

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչն ամենակարևոր հարցը՝ բանկի, կառավարչի, գործարարի հնարավոր հանցակցության դրվագն առանձնապես չի կարևորել, բավարարվել է միայն հետաքննության մարմնին հանձնարարություն տալով և պատասխան ստանալով, որ տեղեկություններ չկան։

 

Գործարար Փայլակ Հայրապետյանը կարճման որոշումը բողոքարկել է վերադաս դատախազին՝ Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետին։

 

Մանրամասները՝ «Հետք»-ում։