Հայագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը պարգևատրեց մի խումբ հայագետների։ Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 19-ին նախագահի նստավայրում։
Խաչատուրյանը Մովսես Խորենացու մեդալով պարգևատրեց Ժնևի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Վալենտինա Կալցոլարի Բուվիենին։
Կալցոլարին ղեկավարում է Ժնևի համալսարանի առաջին և Շվեյցարիայում փաստացի միակ հայագիտական ամբիոնն ու կենտրոնը 1993 թվականից։ Դասական բանասիրության, քրիստոնեության պատմության և հայագիտության բնագավառներում մասնագիտացումը ձեռք է բերել Բոլոնիայի, Ժնևի և Միլանի համալսարաններում, եղել է երջանկահիշատակ Գաբրիելա Ուլուհոջյանի ուսանողներից մեկը։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան և Միլանի Ամբրոսիանական ակադեմիայի անդամ է, Ֆրանսիական բանասիրության և հնագիտության ակադեմիայի թղթակից անդամ է, 2007 թվականից նախագահում է Հայագիտության միջազգային ընկերությունը։ Եղել է քրիստոնեական պարականոն գրականության ուսումնասիրման ընկերակցության նախագահը և ընտրվել է Հրանտ Դինք հիմնադրամի ժյուրիի խորհրդի անդամ։ Կազմակերպել է միջոցառումներ՝ նվիրված հայոց պատմությանը, գրականությանը, մշակույթին և ներկա իրադարձություններին, այդ թվում՝ Արցախյան հակամարտության խնդրին։