Եվրամիությունը չորրորդ ամիսն անընդմեջ ավելացնում է Ռուսաստանից ձկնամթերքի ներմուծումը. այն տարեսկզբից հասել է առավելագույնը 65 միլիոն եվրոյի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են Եվրոստատի տվյալները։
Գարնան վերջին Ռուսաստանը ԵՄ-ին վաճառել է 65 մլն եվրոյի 17,9 հազար տոննա ձկնամթերք, ինչը 15%-ով գերազանցում է ապրիլյան արտահանումը, իսկ դրամական աճը կազմել է 16%։
Եվրոպական ներմուծման կեսից ավելին ձկան ֆիլե է, իսկ այդ բեռնափոխադրումների արժեքը կամել է 32,7 միլիոն եվրո: Սառեցված ձկան գնումներն աճել են 13%-ով՝ հասնելով 22 մլն եվրոյի։ Ամենաշատն աճել է չորացրած ձկան կամ աղաջրում ձկան մատակարարումները՝ 3,1 անգամ՝ մինչև 8,8 մլն եվրո։
Հետաքրքիր է, որ մայիսին, երկամսյա ընդմիջումից հետո, վերսկսվել են խեցեմորթների մատակարարումները, որոնց ընդհանուր գումարը կազմել է 947 հազար եվրո։
Մայիսին ռուսական ձկան հիմնական գնորդը Նիդեռլանդներն էր՝ 18,5 մլն եվրո:
Ամսվա վերջին Ռուսաստանը դարձել է Եվրամիություն ձկնամթերք մատակարարող իններորդ պետությունը, որն ամսվա կտրվածքով բարձրացել է մեկ դիրքով։ Հիմնական արտահանողները մնում են Նորվեգիան (654 մլն եվրո), ինչպես նաև Մեծ Բրիտանիան (152,5 մլն) և Մարոկկոն (117 մլն):