Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ ինչ է արվում անձրևատար համակարգում նկատված խնդիրների լուծման ուղղությամբ։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշեց, որ վերջին տեղումների ընթացքում նորից մայրաքաղաքում գրանցվել են բազմաթիվ դեպքեր փողոցներում, անցումներում, ստորգետնյա հատվածներում, կամրջային հատվածներում, նույնիսկ մետրոպոլիտեն մակերեևութային ջրերի ներթափանցման դեպքեր։
«Սա՝ ոչ որպես արդարացում, այլ օբյեկտիվ երևույթ։ Տեղումների քանակը մեծ է և գերազանցում է նորման։ Ցանկացած համակարգ նման գերնորմատիվային տեղումների դեպքում կարող է չընդունել ամբողջությամբ, թողունակությունը չհերիքել, և առաջանում են ջրականգեր։ Ձեր հանձնարարությամբ, հաշվի առնելով քաղաքային հեղեղատար մակերևութային ջրերի անձրևընդունիչ համակարգի ֆիզիկական վիճակը և կառուցվածքը՝ այո, հիմնավորում ենք, որ անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով»,-ասաց Արեյանը:
Ըստ նրա` ամբողջությամբ իրականացվել են գույքագրման աշխատանքներ երկու կտրվածքով, առաջին՝ բացառապես գոյություն չունեցող համակարգի կառուցման խնդիրը և եղած ոչ թողունակ կամ քայքայված, կիսատ գործող համակարգի վերակառուցման խնդիրը, երրորդը՝ միաժամանակ ըստ վարչական շրջանների գույքագրվել է բակային տարածքներում գործող և չգործող հեղեղատար համակարգի վիճակը։
Անդրադառնալով այս հարցում «Վեոլիա ջուր» ընկերության պատասխանատու դերին՝ Արեյանը նշեց․
«Ընկերությունը պետք է ուժեղացնի սպասարկումը, մաքրման պարբերականությունը պետք է մեծանա»: