Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում ներկայացվել է գործակարգավարական նիստում քննարկված թեմաները՝ ամփոփ.
Տեղումների ծավալը գերազանցում է նորմը, որի հետևանքով քաղաքում առաջանում են ջրականգեր:
«Վեոլիա Ջուր» ընկերության սպասարկած հեղեղատար համակարգերն անմխիթար վիճակում են: Անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով: Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը ներկայացրեց, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականը կատարված է, այսինքն՝ ուսումնասիրվել է բացառապես գոյություն չունեցող համակարգի խնդիրը և եղած, բայց ոչ թողունակ կամ քայքայված, կիսատ-պռատ գործող հեղեղատար համակարգի վերակառուցման խնդիրը:
Աղբահանության խնդիրն էապես կարգավորվել է: 18.5 խմ տարողությամբ «Կամազ» մակնիշի նոր մեքենաներն անցել են աշխատանքի: Աղբահանությունն ավելի կառավարելի դարձնելու նպատակով նախատեսվում է աշխատանքներին հետևել GIS համակարգով:
Առաջիկա օրերին միջին նորոգման աշխատանքներ են սկսվելու Աջափնյակ վարչական շրջանի Լենինգադյան փողոցում, Շենգավիթ վարչական շրջանի Ղարիբջանյան փողոցում և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Բաբայան փողոցում:
Փոսային նորոգում է կատարվում Շենգավիթ, Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում:
Երևանյան լճի տարածքում տնկվել է 130 արժեքավոր ու հասուն ծառատեսակ և 2150 թփատեսակ:
Երևանի քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկում՝ անմխիթար վիճակում հայտնված վարձակալությամբ տրամադրված այգիները համայնքին վերադարձնելու համար: