ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի հետ հանդիպումներ է ունեցել Բելգիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլս Վան Հոֆի,Եվրոպայի սոցիալիստների կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Յանեկ Պոլեյի և Բելգիայի Ֆրանսախոս ամենամեծ կուսակցություն MR-ի խմբակցության ղեկավար Գայտան վան Գոյձնհովենի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ հայտնել է Իշխան Սաղաթելյանը:
«Հանդիպումների ընթացքում անդրադարձ ենք կատարել․
- Արցախահայության վերադարձի իրավունքի իրացման հրամայականին
- Ադրբեջանի վրա միջազգային ճնշումներ բանեցնելու անհրաժեշտությանը և հայ ռազմագերիների ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման խնդրին
- Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների փաստերին, ադրբեջանական շարունակվող ագրեսիային և Ադրբեջանի կողմից ուժի ու ուժի կիրառման սպառնալիքի դրսևորման շարունակական վարքագծին
- Բաքվում անցկացվելիք COP 29 համաժողովի ընթացքում միջազգային հանրության օբյեկտիվ կեցվածքի դրսևորման կարևորությանը
- Հայաստանյան ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցերին և ընդդիմադիր գործիչների քաղաքական հետապնդումների կրկնվող դեպքերին
Յանեկ Պոլեյի հետ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտներում ԵՍԿ և ՀՅԴ գործակցության սերտացման, միջկուսակցական հարաբերությունների զարգացման, Հայաստանում սոցիալ-դեմոկրատական քաղաքական արժեքային համակարգի առաջմղման վերաբերյալ»,-գրել է նա: