Հետևեք մեզ։

Պարզվում է՝ ՊՆ մուտքը Հայաստանի պետական համակարգում ներկայացուցիչ ունենալու ամերիկյան առաջին փորձը չէ․ «Հրապարակ»

09:30, 23 հուլիս 2024
Պարզվում է՝ ՊՆ մուտքը Հայաստանի պետական համակարգում ներկայացուցիչ ունենալու ամերիկյան առաջին փորձը չէ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն քանի օր է՝ քննարկվում է Հայաստանի պաշտպանության նախարարությունում ամերիկյան բանակի ներկայացուցչի աշխատելու մասին լուրը։ Թեեւ շատ բան հայտնի չէ, թե ինչ խնդիրներով է նա զբաղվելու, ինչ տեղեկությունների է հասու լինելու, ով է վճարելու նրան, Հայաստանը կարո՞ղ է մերժել ԱՄՆ-ի առաջարկած մասնագետին, եթե պարզվի, որ նա ազգությամբ թուրք է եւ այլն։ Բայց միայն այն փաստը, որ մեր անվտանգության երաշխավոր եւ դրանով իսկ բազում գաղտնի տեղեկություններ տնօրինող պետական կառույցում աշխատելու է այլ պետության քաղաքացի, արտառոց է։

 

Բայց պարզվում է՝ սա Հայաստանի պետական համակարգում ներկայացուցիչ ունենալու ամերիկյան առաջին փորձը չէ։ Հայաստանի արդեն լուծարված արտակարգ իրավիճակների նախարարությունում երկար տարիներ աշխատած ու ՔՊ-ական իշխանության պատճառով հեռացած մեր զրուցակիցը մի դեպք էլ հիշեց։ Նա պատմեց, որ դեռեւս 2003 թվականից ակտիվ ու արդյունավետ համագործակցություն է ձեւավորվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի միջեւ։ Կազմակերպվել են փոխադարձ այցեր, ուսուցողական դասընթացներ, սեմինարներ, հրամանատարամասշտաբային ուսումնավարժություններ, առանց պետական համակարգում օտար երկրների քաղաքացիներին աշխատանքի ընդունելու։ Իսկ 2018-ի իշխանափոխությունից հետո՝ 2019-ին, հոգեբանական ծառայություններ մատուցող ամերիկյան մի մասնավոր ընկերություն առաջարկել է վերապատրաստել Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության հոգեբաններին եւ պայման է դրել՝ ամերիկացի փորձագետները պետք է մեր ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոններում նստեն եւ տեսնեն, թե ինչպես են հոգեբաններն աշխատում՝ ինչպես են հեռախոսային խորհրդատվություն տալիս եւ այլն։

 

Բայց այն ժամանակ Հայաստանը դեռ ինքնիշխան պետություն էր, եւ մերոնք ասել են, որ պատրաստ են մանրամասն ու ամփոփ տեղեկանք ներկայացնել՝ օրական, ամսական, տարեկան քանի զանգ է ստացվում, քանիսին են պատասխանում հոգեբանները, որ խորհրդատվությունից հետո ինչ զարգացումներ են եղել եւ այլն։ Ամերիկացիները չեն համաձայնել՝ պետք է նստենք ձեր ճգնաժամային կառավարման կենտրոններում, եւ վերջ։ Եվ քանի որ Հայաստանը դեռ նոր էր «թավշյա» դարձել, ու պետական կառավարման համակարգի փլուզումը դեռ չէր սկսվել, ԱԻՆ-ում էլ կային հնուց աշխատող եւ գործից հասկացող աշխատակիցներ, ուստի մերժել են ամերիկացիներին։ Մեր զրուցակիցը հիշում է, որ հոգեբանական ծառայություններ մատուցող ամերիկյան մասնավոր ընկերության հիմնադիրն ու տնօրենն ԱՄՆ-ում ծնված հայ կին էր։

 

Հասկանալի է, որ ՊՆ-ում գաղտնիքներն ավելի շատ են, քան ԱԻՆ-ում, բայց փրկարարները երկրի անվտանգության ապահովման երկրորդ գիծն են՝ զինված ուժերից հետո, ԱԻՆ-ում էլ գաղտնիքներ կան, եւ ճգնաժամային կառավարման կենտրոններ ԱՄՆ քաղաքացիների մուտքը ցանկալի չեն համարել: Ահա, այսպես «նախորդ հանցավոր ռեժիմի ներկայացուցիչները» կարողացել են մերժել այլ պետության ներթափանցումը մեր պետական կառավարման համակարգ։ Հիմա ՔՊ-ական իշխանությունը թույլատրեց։

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում: