Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ու ընտանիքի անդամներին հրավիրել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին և ներկայացնելու դիրքորոշումներ, գրում է «Հետքը»։
Աղվան Հովսեփյանը, կինը՝ Աստղիկ Հովսեփյանը, որդիները՝ Նարեկ, Արմեն և Միսակ Հովսեփյանները, հարսը՝ Մարինա Նուշիկյանը, դատախազություն են հրավիրվել հուլիսի 25-ին։
Դատախազություն է հրավիրվել նաև Չեխիայում գրանցված «ՕՄԻՌԱ» ՍՊԸ-ն, որը փոխկապակցված է Հովսեփյանների ընտանիքի հետ։
Նշենք, որ «ՕՄԻՌԱ» ՍՊԸ-ին է պատկանում «Տելիա մայնինգ» ՍՊԸ-ի 99․9%-ը։ Վերջինիս 0.1% սեփականատերը Հովսեփյանների ընտանիքի անդամ Նորա Բարսեղյանն է։ Նա նույնպես հրավիրվել է դատախազություն։
Այս փուլում դատախազությունը չի հրաարակում, թե ինչ գույք է ցանկանում բռնագանձել։ Պատճառաբանում են, որ շահագրգիռ անձիք իրավունք ունեն ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշումներ, ինչի արդյունքում կարող է փոփոխվել բռնագանձման ենթակա ենթադրաբար ապօրինի գույքի ցանկը։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանի նկատմամբ հարուցված է քրեական վարույթ։ Նա, ըստ մեղադրանքի, 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ եւ առավելություններ տրամադրելու և այլ ձեւով հովանավորելու հետ: Նշված գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:
Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ 2008թ.-ից Աղվան Հովսեփյանն Ա. Ս.-ի միջոցով նույն կերպ մասնակցել է ավտոմեքենաների անվադողերի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունների կառավարմանը: Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնից բխող կապերն ու ազդեցությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ հիշյալ ընկերության բեռնատար ավտոմեքենաների համար անհրաժեշտ անվադողերը գնվեն իր ներկայացրած անձանցից ու ընկերություններից: Արդյունքում` 2008-2015թթ. ընթացքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը մատակարարվել են շուրջ 7 մլրդ դրամի անվադողեր: