Ռուսաստանն ու Իրանը ավարտել են համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները, և պատմական ստորագրումը տեղի կունենա շուտով։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Հունիսի 21-ին Մոսկվայում տեղի ունեցած երկու երկրների արտաքին գործերի նախարարության իրավական և տարածքային գերատեսչությունների փորձագետների շատ արդյունավետ խորհրդակցությունների ընթացքում հնարավոր եղավ վերջնական տեսքի բերել դրա տեքստը, սկսել ներպետական ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են համաձայնագրի ստորագրմանը ամենաբարձր մակարդակով: Հուսով ենք, որ մոտ ապագայում մենք ականատես կլինենք այս իսկապես պատմական իրադարձությանը»,- ասել է փոխնախարարը։
«Այսպիսի փաստաթղթի վրա խմբագրական աշխատանքը, որը նախատեսված է ռուս-իրանական հարաբերությունների կարգավիճակը համապարփակ ռազմավարական գործընկերության հասցնելու համար, տևել է գրեթե երկուսուկես տարի, և այսօր այն կարելի է ավարտված համարել»,- նշել է Ռուդենկոն։
Ավելի վաղ ԻՌՆԱ-ն հայտնել էր, որ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշքիանը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Թեհրանը պատրաստ է հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS գագաթնաժողովում Մոսկվայի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել։