Այս երկու կարևոր որոշումները կամրապնդեն մեր գործընկերությունը Հայաստանի հետ։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ խոսելով ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու և վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու որոշումների մասին։
«Նախ, մենք ընդունեցինք առաջին աջակցության միջոցառումը Հայաստանի համար Եվրոպական Խաղաղության Հիմնադրամի շրջանակներում՝ մոտ 10 միլիոն եվրո արժողությամբ:
Երկրորդ՝ մենք կանաչ լույս վառեցինք Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու համար։
Այս երկու որոշումները Հայաստանի կողմից երկար սպասված էին։ Ես շատ ուրախ եմ, որ դա կարող է վերջնականապես համաձայնեցվել մինչև ամառային արձակուրդը, քանի որ գիտեք, թե ինչպես է լարված իրավիճակը Կովկասում, և դա կամրապնդի մեր գործընկերությունը Հայաստանի հետ»,- հաղորդել է նա: