ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն Քիմբերլի Չիթլը Կոնգրեսի լսումների ժամանակ նախկին նախագահ և նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձն անվանել է տասնամյակների ընթացքում վատթարագույն ձախողումը, սակայն մերժել է հրաժարականի մասին կոչերը:
«Գաղտնի ծառայության սուրբ առաքելությունն է պաշտպանել մեր ազգի առաջնորդներին», - ասել է նա Ներկայացուցիչների պալատի Վերահսկիչ հանձնաժողովի առջև լսումների ժամանակ,- «Հուլիսի 13-ին մենք ձախողեցինք այս առաքելությունը։ Որպես Միացյալ Նահանգների Գաղտնի ծառայության տնօրեն՝ ես ստանձնում եմ ողջ պատասխանատվությունը անվտանգության ցանկացած բացթողման համար»:
«Ակնհայտ է, որ սխալ է տեղի ունեցել, դա այլևս չի կրկնվի», - ավելացրել է Չիթլը:
Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը տեղի է ունեցել Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ։ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը ինքնաձիգից կրակ է բացել Թրամփի ելույթը սկսելուց րոպեներ անց:
Փամփուշտներից մեկն անցել է նախկին նախագահի գլխից մի քանի միլիմետր և դիպել նրա աջ ականջին։ Երկու ցուցարարներ ծանր վիրավորվել են, իսկ Փենսիլվանիայից 50-ամյա հրշեջը զոհվել է։
Քրուքսը, ով գտնվում էր մոտակայքում գտնվող շենքի տանիքում, ութ կրակոցից առաջինն արձակելուց 30 վայրկյան չանցած սպանվել է Գաղտնի ծառայության դիպուկահարի կողմից: Քննիչները եկել են այն եզրակացության, որ նա գործել է միայնակ և դեռ չեն պարզել նրա շարժառիթը։