Ադրբեջանը հրավեր չի ուղարկել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ)՝ դիտարկելու Միլլի Մեջլիսի արտահերթ ընտրությունները, որոնք կանցկացվեն սեպտեմբերի 1-ին, ադրբեջանական Report-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։
Նշվում է, որ «դրա հիմնական պատճառն այն է, որ ԵԽ-ն և ԵԽԽՎ-ն մի քանի տարի է, ինչ կողմնակալ քաղաքականություն են վարում Ադրբեջանի նկատմամբ՝ հիմնված երկակի ստանդարտների վրա»։
Աղբյուրը նաև նշել է, որ ԵԽԽՎ առաքելության մասնակցությունը ընտրությունների դիտարկմանը կարող է քննարկվել միայն ադրբեջանական պատվիրակության մանդատի հաստատումից հետո։
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակությունը Վեհաժողովի նիստում հանդես եկավ հայտարարությամբ՝ հայտարարելով ԵԽԽՎ-ում իր փոխգործակցությունն ու ներկայությունը մինչև հետագա ծանուցումը դադարեցնելու որոշման մասին։ Ավելի վաղ Ադրբեջանը խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հրավիրել էր 20 միջազգային կազմակերպությունների։