Երևան-Քիշնև-Երևան չվերթի մի քանի տասնյակ ուղևորներ չեն կարողացել մեկնել, քանի որ օդանավի փոփոխություն է եղել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց «FlyOne Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը՝ ընդգծելով, որ օդանավի փոփոխությունը տեղի է ունեցել օպերացիոն անհրաժեշտությամբ պայմանավորված։
Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ կապ էր հաստատել ժամը 15։00-ի չվերթով Երևանից Քիշնև մեկնող ուղևորներից մեկը՝ նշելով, որ իրեն և ևս շուրջ 50 ուղևորի չի թույլատրվել օդանավ բարձրանալ, և որևէ բացատրություն կամ հիմնավորում չի ներկայացվել։
«Նմանօրինակ իրավիճակների համար ավիաընկերությունն ունի հստակ քաղաքականություն, ավիաընկերության ներկայացուցիչներն օդանավակայանում բոլոր ուղևորներին ներկայացրել են բոլոր հնարավոր տարբերակները»,- նշեց Անանյանը։
«Քանի որ չվերթն իրականացնող ինքնաթիռի տարողունակությունը եղել է ավելի փոքր, քան նախորդ օդանավինը, որոշ ուղևորների առաջարկվել է չվերթի ժամկետի փոփոխություն այսօրվա՝ ավելի ուշ ժամի համար կամ հետագա՝ այլ չվերթերի»,- հավելեց նա։
Մեկնաբանելով այն հարցը, թե ինչպես է ստացվել, որ նույն ընտանիքի մի քանի անդամի թույլատրել են թռչել, մյուսներին՝ ոչ, Անանյանը նշեց՝ քանի որ տեղի է ունեցել օդանավի փոփոխություն, ուղևորների տեղաբաշխումը համակարգն ավտոմատ կերպով է իրականացրել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։