«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային հեռարձակողի խորհուրդը Հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հաղթողին կհայտարարի հուլիսի 29-ին։
Մենք օրեր առաջ էինք գրել, որ «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա աշխատակից, պրոիշխանական Արմեն Քոլոյանն է իշխանության թեկնածուն: Նրան տնօրեն դարձնելու ցանկությունն այնքան մեծ է, որ որոշել են հրաժարվել իրենց լոզունգներից` արդար ընտրության եւ պետական համակարգի երիտասարդացման: Քոլոյանը 67 տարեկան է։ Տարօրինակ է, որ օրենքը տարիքային սահմանափակում չի նախատեսում, չէ՞ որ ղեկավար պաշտոններում աշխատելու տարիքը 65-ն է:
Երեկ Ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը հայտարարեց, թե ունի փաստեր, որ մրցույթի արդյունքները դեռ չհայտարարված՝ Քոլոյանին տարել են կառավարություն, այսինքն` մրցույթը կեղծ է, արդյունքը՝ կանխորոշված: Նա դիմել է մրցույթի մասնակիցներին եւ կոչ արել բոյկոտել այն` հայտերը հետ վերցնել։
Մրցույթի մասնակից, «Հրապարակ»-ի թղթակից Լուսինե Պետրոսյանը բոյկոտը ճիշտ չի համարում` 2 պատճառով. գործընթացը գնահատելու համար պետք է սպասել դրա ավարտին․ «Այն, որ ինչ-որ մեկը կառավարության շենքում (ըստ ամենայնի՝ երկրորդական մեկը, ով հեռախոսազանգով միջամտելու ազդեցություն չունի) հանդիպել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահին եւ Քոլոյանին կամ անձնական շահագրգռություն ունի, որ Ռադիոյի տնօրեն ընտրվի պրն Քոլոյանը, դեռ երաշխիք եւ փաստ չէ, թե այդպես էլ կլինի։ Պետք է նախ Քոլոյանի ընտրությունը դառնա փաստ, որ դրանից էլ հետեւություն եւ գործողություն բխեն»: