Հետևեք մեզ։

Հինգ տարվա ընթացքում Ճարտարապետների պալատը հասավ նրան, որ ճարտարապետի իմիջը, համբավը, հավասարվեն զրոյի․ Հովհաննես Մութաֆյան (տեսանյութ)

15:44, 23 ապրիլ 2023
Հինգ տարվա ընթացքում Ճարտարապետների պալատը հասավ նրան, որ ճարտարապետի իմիջը, համբավը, հավասարվեն զրոյի․ Հովհաննես Մութաֆյան (տեսանյութ)

 Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանը, որը Երևանում տասնյակ խոշոր շենքերի և բիզնես-կենտրոնների հեղինակ է, ապրիլի 7-ին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ դիմում է գրել՝ դուրս գալու Ճարտարապետների պալատի խորհրդի կազմից, որը պալատի գործադիր մարմինն է։ Նա համարում է, որ Պալատը անարդյունավետ է աշխատում, պատշաճ չի կատարում իր գործառույթները, հավատարիմ չէ իր առաքելությանը և ճարտարապետի համբավը, իմիջը բարձրացնելու փոխարեն այն իջեցրել է «չերտյոժնիկի» մակարդակի։

 

«Իմ՝ Խորհրդի կազմից դուրս գալու հիմնական պատճառն այն էր, որ Ճարտարապետների պալատը, որը հինգ տարի առաջ կայացավ, հինգ տարվա ընթացքում հասավ նրան, որ ճարտարապետի իմիջը, համբավը, հավասարվեց զրոյի, որ ճարտարապետները հանրության մեջ ընդհանրապես չեն երևում, չեն երևում քննարկումների ժամանակ, խնդիրների պարզաբանման ժամանակ, քաղաքաշինական ծրագրերի քննարկումների ժամանակ։ Շատ զարմանալի է, որ երբ տեղի է ունենում ճարտարապետական ինչ-որ հարցերի քննարկում, մեծ ակտիվությամբ շոու բիզնեսի ներկայացուցիչներն են խոսում կամ ինչ-որ քաղաքացիներ, որոնք կարող են խոսել, բայց ճիշտը ճարտարապետներն են, որ պետք է մեկնաբանեն, խոսեն, դրա համար էլ իրենք դիպլոմ են ստացել»,-Hayastan.news-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Մութաֆյանը։

 

Նա նաև հիշեց, որ 2020 թվականին պետք է Երևանի նոր գլխավոր հատակագիծ արվեր, սակայն մինչ օրս չի արվել, և այստեղ ևս Ճարտարապետների պալատն իր անելիքն ուներ, որ չի արել։ «Գլխավոր հատակագիծը հաստատված է 2005 թվականին՝ 15 տարի ժամկետով, և օրենքն ասում է, որ ամեն հինգ տարին մեկ պետք է վերանայվի, իսկ 15 տարի հետո պետք է նոր գլխավոր հատակագիծ արվեր, բայց քանի որ չկա գլխավոր հատակագիծ, չկան գոտևորման սխեմաներ, նախագծեր, որոնք հիմնական չափորշիչներն են ճարտարապետահատակագծային առաջադրանքը տալու և քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու համար, ու նաև չկա գլխավոր ճարտարապետ։ Ճարտարապետների պալատը այս ամենից, իհարկե, տեղյակ է, բայց պասիվ է պահում իրեն, ու դա անընդհատ չի արծարծվում»,-ասաց մեր զրուցակիցը։

 

Մանրամասն՝ տեսանյութում․

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ