Հետևեք մեզ։

Փողոցում հայտնված 58-ամյա տղամարդը մահացել է

11:51, 24 հուլիս 2024
Փողոցում հայտնված 58-ամյա տղամարդը մահացել է

Երեկ՝ հուլիսի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ը հաղորդում է, որ Երևանի 1-03 շտապ օգնության բժշկուհին ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները և ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը և «Արմենիա» բժշկական կենտրոնի բուժանձնակազամը մի քանի ժամ շարունակ չեն կարողացել հստակ պատասխան ստանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, թե ինչ է լինելու անօգնական վիճակում առողջական խնդիրներ ունեցող քաղաքացու հետ։

Երեկ շտապօգնությունում ահազանգ է ստացվում, որ մի քաղաքացի անօգնական վիճակում գտնվում է փողոցում։ Շտապօգնության թիվ 23 բուժբրիգադը՝ բժշկուհի Մարինե Եփրիկյանի գլխավորությամբ շատ արագ արձագանքում է և այդ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենայով փորձում են տեղափոխել հիվանդանոց, նրան տանում են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ սկզբից ընդունարանում գտնվող կին աշխատակիցը հայտնում է, որ նա իրենց բուժառուն չէ, քանի որ փաստաթղթեր չունի ու մինչ ներկաները փորձել են այդ կնոջը հայտնել, որ բուժառուն առողջական խնդիրներ ունի և ճիշտ կլինի, որպեսզի բժիշկները օգնություն ցուցաբերեն, նա պնդել է, որ եթե նրա մոտ անձը հաստատող փաստաթուղթ չկա, ապա իրենք ոչինչ չեն անի։

Ի վերջո, կարճ ժամանակ անց, ժամանել է «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալը, ով որոշ մանրամասներ է հայտնել բուժառուի վերաբերյալ ու պարզվել է, որ նրան առաջին անգամ չէ, որ բերում են իրենց մոտ, ինչից հետո նրա հանձնարարականով բժիշկները գործի են անցել և հերթական անգամ կատարել ոտքերի վերքերի մշակման աշխատանքներ։

Այդ ընթացքում համայնքային ոստիկանության տեսուչը հեռախոսով կապ է հաստատել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ինչ-որ աշխատակցի հետ ու հայտնել է, որ պետք է նրանց ներկայացուցիչը լինի, իսկ նրանք խոստացել են, որ կգան, իսկ հետո նրանք ժամանել են, հերթական բյուրոկրատական գործն են արել, գրանցել են այդ քաղաքացու տվյալները և այդքանով իրենց գործը համարելով ավարտված՝ հեռացել են հիվանդանոցից, մինչ դեռ նրանք պետք է բուժառուին տեղափոխեին խնամքի կենտրոն։

Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ տղամարդը «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է:

Մահացածը Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակիչ 58-ամյա Լևոն Երջանյանն է: