Այսօր՝ հուլիսի 24-ին իրավապահները հայտնաբերել են հուլիսի 20-ին Երևանում հրազենի գործադրմամբ ծանրամարտի Հայաստանի նախկին չեմպիոն 38-ամյա Վարդան Դավթյանին հրազենային վնասվածքներ պատճառող կասկածյալին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նա թաքնվում է Գեղարքունիքի մարզի Գետիկ բնակավայրում և ոստիկանները, մեկնելով նշված գյուղ, պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
Կարճ ժամանակում ոստիկանները դարանակալման արդյունքում նշված բնակավայրի 3-րդ փողոցի տներից մեկի մոտ հայտնաբերում են կասկածյալին, ձերբակալում, ապա տեղափոխում են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ նրա վերաբերյալ նախապատրաստված փաստաթղթերով նրան ներկայացնում են Արաբկիրի քննչական բաժին:
Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը Երևանում հաշվառված 49-ամյա Գոռ Աբրահամյանն է:
Վերջինս քննիչի որոշմամբ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հուլիսի 20-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:50-ի սահմաններում, բժշկական կենտրոն «աջ ազդրի բեկորային հրազենային վնասվածքով» բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 35-ամյա բնակիչ: Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տղամարդը հրազենային վնասվածքներն ստացել է Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի շենքերից մեկի բակում:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: