Կիևը պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան չինացի գործընկեր Վան Յիի հետ զրույցում։
«Ուկրաինական կողմը պատրաստ է երկխոսություն և բանակցություններ վարել ռուսական կողմի հետ, իհարկե, բանակցությունները պետք է լինեն ռացիոնալ և ունենան գործնական նշանակություն՝ ուղղված արդար և տեւական խաղաղության հասնելուն», - «Ռիա Նովիստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Կուլեբան, մեջբերել է Չինաստանի ԱԳՆ խոսնակը։
Կուլեբան նաև նշել է, որ Կիևը բարձր է գնահատում Չինաստանի ակտիվ և կառուցողական դերը խաղաղության հաստատման և միջազգային կարգի պահպանման գործում։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը մեծ նշանակություն է տալիս Պեկինի կարծիքին եւ «ուշադիր ուսումնասիրել է Չինաստանի եւ Բրազիլիայի միջեւ վեց կետից բաղկացած կոնսենսուսը»։
Մայիսին Չինաստանը և Բրազիլիան համատեղ վեց կետից բաղկացած հուշագիր հրապարակեցին ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ: Փաստաթղթում նշվում է, որ բանակցությունները մնում են ճգնաժամի կարգավորման միակ կենսունակ տարբերակը, և բոլոր կողմերը պետք է պայմաններ ստեղծեն ուղիղ երկխոսության վերսկսման համար։ Չինաստանը և Բրազիլիան նաև աջակցեցին Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից ճանաչված միջազգային խաղաղության համաժողովի անցկացմանը համապատասխան պահին՝ բոլոր կողմերի հավասար մասնակցությամբ և բոլոր առաջարկների արդար քննարկմամբ։