Իրանի և Ադրբեջանի սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել. ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այս մասին տեղեկությունը տարածել է Ադրբեջանի պետական սահմանային ծառայության մամուլի կենտրոնը։
Ըստ ադրբեջանական կողմի՝ հուլիսի 24-ին՝ ժամը 03:30-ին, այդ երկրի պետական սահմանապահ ծառայության Գոյթեփեի սահմանապահ ջոկատի տարածքում 2 անհայտ անձինք խախտել են պետական սահմանը Իրանից՝ Ադրբեջանի ուղղությամբ։ Սահմանախախտները զինված դիմադրություն են ցույց տվել սահմանապահ ծառայությանը և հակառակ ուղղությամբ դիմել փախուստի։ Զինված միջադեպի հետևանքով սահմանապահի երկու անդամներ թեթև վնասվածքներ են ստացել, նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Միջադեպի վայրում հանդիպել են Ադրբեջանի և Իրանի ներկայացուցիչները։ Դատախազության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։