Հետևեք մեզ։

Ադրբեջանը թալիշ Իգբալ Աբիլովին մեղադրում է «հայկական հատուկ ծառայությունների» և իրանագետների հետ «համագործակցելու» մեջ

11:31, 26 հուլիս 2024
Ադրբեջանը թալիշ Իգբալ Աբիլովին մեղադրում է «հայկական հատուկ ծառայությունների» և իրանագետների հետ «համագործակցելու» մեջ

Ադրբեջանական կողմը քաղաքացի Աբիլով Իգբալ Շահին օղլուին մեղադրում է «հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ»։

«Qafqazinfo» լրատվական կայքը հաղորդում է, թե «Իգբալ Աբիլովը մեղադրվում է Հայաստանի հատուկ ծառայության ներկայացուցիչների առաջադրանքները կատարելու և թշնամանք առաջացնելու գործողություններ կատարելու մեջ»։

Նշվում է, թե «Աբիլովը գաղտնի բանակցություններ է վարել ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ և Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Վարդան Ոսկանյանի և իրանագետ Գառնիկ Ասատրյանի հետ»։

Նշենք, որ Աբիլովը ազգությամբ թալիշ է, Բելառուսում Թալիշի ազգային ակադեմիայի հիմնադիրներից է։ Կազմակերպությունն ունի նաև ամսագիր, որի խմբագիրը Աբիլովն է և որում պարբերաբար տեղ են գտնում թալիշների ուսումնասիրության վերաբերյալ հոդվածներ։

Hayastan.news-ը հարկ է համարում նշել նաև, որ Երևանն այն բացառիկ քաղաքներից է, որտեղ զարգանում է թալիշների լեզվի, պատմության և մշակույթի ուսումնասիրությունը: ԵՊՀ-ի Իրանագիտության ամբիոնը ժամանակ առ ժամանակ կազմակերպում է  քննարկում թալիշական փորձագիտական շրջանակի հետ:


Ինքը՝ Վարդան Ոսկանյանը 2019-ի իր գրառումներից մեկում նման միտք է արտաբերել․ «Ընկերներս գիտեն՝ հոգուս խորքում պահած երազանքներիցս մեկն այն էր, որ օրերից մի օր Հայաստանում կունենանք թալիշերեն խոսող հայեր։ Ասեմ, որ ոչ մի անիրականանալի երազանք չկա, եթե այդ ուղղությամբ աշխատում ես, այլ ոչ թե ապրում լոկ պատրանքներով։ 


Եվ փառք Աստծո, այսօր ունենք ոչ միայն թալիշների, այլ նաև միմյանց հետ թալիշերեն խոսող հայ իրանագետներ, որոնց՝ թալիշերենով համացանցային երկխոսությանը հետևելիս սիրտս փառավորվում է»։

Վարդան Ոսկանյանի հետ կապ հաստատել չհաջողվեց՝ մեկնաբանություն ստանալու համար։