ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել շուտափույթ կերպով հասնել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ հրադադարի և վերադարձնել Գազայում պահվող պատանդներին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տան մամուլի ծառայությունը։Հարիսը կրկնել է իր վաղեմի և անխախտ հանձնառությունն Իսրայելի անվտանգությանը և իսրայելցիներին։ Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են ԱՄՆ վարչակազմի աշխատանքը՝ երաշխավորելու, որ Իսրայելը կարողանա պաշտպանվել «Իրանի կողմից եկող սպառնալիքներից և Իրանի աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորումներից»։
Նախքան Հարիսի հետ բանակցություններ վարելը Նեթանյահուն հանդիպել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ԱՄՆ փոխնախագահը լավատեսորեն է արտահայտվել հնարավոր գործարքի մասին։«Գործարքի շուրջ համաձայնության հասնելու բանակցություններում հուսալի տեղաշարժ կա։ Եվ ինչպես քիչ առաջ ասացի վարչապետ Նեթանյահուին, ժամանակն է կնքել գործարքը», - Հարիսի խոսքերն է մեջբերում The Associated Press-ը։Նա նաև մտահոգություն է հայտնել Գազայում տիրող ծանր հումանիտար իրավիճակի առնչությամբ։
«Այն, ինչ տեղի է ունեցել Գազայում վերջին ինը ամիսների ընթացքում, ավերիչ է: Մահացած երեխաների և հուսահատ, քաղցած մարդկանց պատկերները, որոնք փախչում են՝ անվտանգություն գտնելու, երբեմն տեղահանվում են երկրորդ, երրորդ կամ չորրորդ անգամ։ Մենք չենք կարող աչք փակել այս ողբերգությունների վրա: Մենք չենք կարող մեզ թույլ տալ, որ անտարբեր դառնանք այս տառապանքի նկատմամբ: Եվ ես չեմ լռելու», - ասել է Հարիսը։