Ինչպես հայտնել էինք` այսօր Ջաջուռի ոլորաններում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանի վարած «BMW X3» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Նապոլեոն Մկրտչյանի վարած «Honda Fit» մակնիշի ավտոմեքենաները: Կա երեք զոհ` Նապոլեոն Մկրտչյանը, նրա կինն ու ութամյա որդին:
Hayastan.news-ին հայտնի դարձավ, որ Մկրտչյանը, ով բնակվում էր Գյումրիում, ամուսնացած էր 2014-ից, նրանք մեկ որդի ունեին, ով ևս զոհվել է:
Shamshyan.com-ի փոխանցմամբ` «BMW X3»-ի վարորդը դեպքի վայրում տարօրինակ վարքագիծ է ցուցաբերել, ինչը նկատել են նաև պարեկներն ու փորձել տեղափոխել նրան ոստիկանության Ախուրյանի բաժին, սակայն նա հայտնել է, որ իրեն վատ է զգում, ինչից հետո պարեկները նրան ուղեկցել են շտապօգնության ավտոմեքենա։ Բժիշկները նրան փորձել են տեղափոխել հիվանդանոց, սակայն ճանապարհին նա բացել է շտապօգնության ավտոմեքենայի դուռն ու փախուստի դիմել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «BMW X3»-ի վարորդի հետ ևս մի մարդ է եղել, ով տեղում ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների կողմից թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է։
Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ ունեն, որ «BMW X3»-ի մեջ կա թմրանյութ։