Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է իր թոռնիկի՝ հանուն հայրենիքի նահատակված Դավիթ Յակովլևի մասին . «Մեր թանկագին, անկրկնելի Դավիթ…Արդեն չորս տարի գոյություն ունենք առանց քեզ․․․
Թեև օր ու գիշեր քեզ հետ եմ, բայց էլ բառեր չեմ գտնում, էլ ի վիճակի չեմ հասկանալու, թե ինչո՞ւ այսպես եղավ։
Դու, որ այդքան խելացի էիր, ինչո՞ւ ընտրեցիր այդ ճամփան։ Կարող էիր, չէ՞, համալսարանն ավարտելուց հետո ծառայել բանակում։ Մանավանդ, կանխազգացել էիր, որ պատերազմ է լինելու ու լինելու է այն, ինչ եղավ։ Ցավոք, մենք այդ մասին ուշ իմացանք․․․
Անհնար է դիմանալ տիեզերական այս անարդարությանը։
Ոչ միայն այն պատճառով, որ Դու իսկապես ուրիշ էիր, այլ այն բանի համար, որ դա կարելի էր կանխել։ Դու կյանքդ նվիրաբերեցիր չարաբաստիկ 2020 թվականի հոկտեմբերի 19-ից հետո․․․, երբ դավադրաբար մերժվել էր պատերազմը կանգնեցնելու առաջարկը։
Հազարավոր նահատակների ծնողներ ու հարազատներ են իրենց պատեպատ տալով սպասում մեղավորների արդար դատաստանին։ Ես նրանց թվում եմ․․․
Դավիթս, հզորս, կներես…
Դու արժանի չէիր դրան․․․
Դու բոլորովին այլ ճանապարհ պիտի անցնեիր ու այլ հաղթանակներ արձանագրերիր․․․»։
Հիշեցնենք, որ դասակի հրամանատարի տեղակալ Դավիթ Յակովլևի վերջին, վեցօրյա թեժ մարտը Մարտունիի կետերից մեկում է եղել։ Մաթեմատիկական փայլուն գիտելիքների շնորհիվ Բարդի 1 օպերացիայի ընթացքում ճշգրիտ հաշվարկներով, ոչ միայն արագ ու անվրեպ ոչնչացրել է թիրախները, այլև օգնել մարտկոցի մյուս երեք САУ-ների հաշվարկները կատարելուն։ Արժանացել է Մարտական ծառայության և արիության համար մեդալի։