Հետևեք մեզ։

Ո՞վ է պատասխան տալու ողբերգությունները չկանխելու համար․ վթարի վայրից էլ կասկածյալը, տարօրինակ վարքագծով հանդերձ, կարողացել է խաբել պարեկներին և փախչել նրանց քթի տակից

21:05, 26 հուլիս 2024
Ո՞վ է պատասխան տալու ողբերգությունները չկանխելու համար․ վթարի վայրից էլ կասկածյալը, տարօրինակ վարքագծով հանդերձ, կարողացել է խաբել պարեկներին և փախչել նրանց քթի տակից

Անթիվ-անհամար հաղորդագրություններ, լուսանկարներ, դասընթացներ և ներդրում․ վերջին տարիներին Ներքին գործերի նախարարության ողջ պտույտը միայն պարեկների շուրջ է, ովքեր մեկ տասնյակից ավելի պարտավորություններ ունեն։ Եվ այդ պարտավորություններից յուրաքանչյուրում աբսուրդի պակաս չկա, հերթականը գրանցվել է այսօր։

 

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Վանաձոր- Գյումրի ճանապարհին, զոհվել է երիտասարդ ընտանիք՝ մայրը, հայրն ու երեխան։

 

Նախ, եթե որևէ դիտարկում անես ողջ ՆԳՆ համակարգը կսկսի թվարկել, թե իրենք ինչեր են անում, որպեսզի վթարների թիվը նվազի և այլն։ Չգիտեմ ինչ են անում, բայց թմրամոլները ղեկին են նստում, ոչ սթափ վարորդների պակաս չկա, կրակում են` ով, երբ ու որտեղ ուզի, և այլն։ Ինչո՞ւ, որովհետև մարդը պարեկներից չի վախենում, չի զգոնանում օրենքի առաջ, չխախտելով որևէ մեկի անմեղության կանխավարկածը, բայց թմրամոլը նստում է ղեկին,  գուցե գիտի  այդ կերպ պարեկների կողմից հայտնաբերվելու ժամանակ պատժից խուսափելու ճանապարհների մասին։

 

Այսինքն, միայն այսօրվա ողբերգական դեպքն ապացուցում է, թե ինչպես է Վահե Ղազարյանը ձախողել, որովհետև ոստիկանությունը չի կարողանում կանխարգելել ողբերգություններն ու հանցագործությունները, անգամ տպավորություն է, որ մոռացել է այդ պարտականության մասին։

 

Վահե Ղազարյանի մոտ լավ ստացվում է Կառավարության շենքին կամ ամառանոցից մինչև սահման ոստիկան ու պարեկ շարել, որ Փաշինյանն անցնի, մնացածը երկրորդ պլանում են։

 

Այսօրվա դեպքի մասով․ կրկնեմ՝ պարեկները մեղավոր չեն, որ անհայտ ծագման 5-ամսյա դասընթացով, վարչապետի կողմից՝ «պարեկ դառնալու համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ» ասածով, դարձել են օրենքը պահպանող առաջին օղակն ու այդ բարդ աշխատանքը կատարողը։ Ի վերջո, միջնակարգ կրթությամբ մարդը մեղավոր չէ, որ պետությունն իրենից անգամ բարձրագույն կրթություն չի պահանջում, տալիս է լիազորություններ և բարձր է վճարում։

 

Բայց, պետության այդ քաղաքականության պայմաններում վթարին մասնակից վարորդը, որը, տարօրինակ վարքագիծ է դրսևորել, այդ վարքագծով հանդերձ կարողացել է մոլորեցնել, խաբել պարեկներին, որ իրեն տանեն շտապօգնության մեքենա և մի հատ էլ պարեկների քթի տակից փախել է։ Ի դեպ, եթե անգամ ասվում է ՝ շտապօգնության մեքենայից, իսկ պարեկները վթարի մասնակցին չէի ուղեկցու՞մ։

 

Պարեկի պետ Արթուր Խուդինյանը գո՞հ է, իսկ ո՞վ է պատասխան տալու, որ փախել է կասկածյալ, որ զգոնացնող չեն իրենք, և թմրամոլներն էլ կարող են նստել ղեկին, իսկ ո՞վ է պատասխան տալու, որ պետությունը լրացուցիչ ծախս է անում, որ պարեկների մոտից փախած կասկածյալին գտնի։ Գոնե մեկին հետաքրքիր է, թե պարեկներն ի՞նչ էին անում, որ կասկածյալը դիմեց փախուստի։

 

Ի դեպ, մեկ վթար էլ է գրանցվել կրկին այսօր․ ոչ սթափ վարորդ է եղել ղեկին, որդու հետ վիրավոր են։ Սա Հայաստանի սովորական առօրյան է, չկա այդ մասին մտածող և կանխարգելող, փոխարենը ՆԳ նախարարն ասում էր՝ լավ ասֆալտից է, որ վթարները շատ են։ Սա անգամ մեկնաբանելու չէ։ Ինչո՞վ է զբազվում Ներքին գործերի նախարարությունը, ո՞րն է ձեր առաքելությունը, շատ փող աշխատե՞լը։

 

 

Բեթղեհեմ Արաբյան

 

Վերլուծական