Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ռադիոյի տնօրենի ընտրության մրցույթի արդյունքներին.
«Հարգելի՛ բարեկամներ, քիչ առաջ ավարտվեց Հանրային ռադիոընկերության տնօրենի թափուր հաստիքի համալրման համար հայտարարված մրցույթը, որի հաղթողը կանխատեսելիորեն ես չեմ և փաստորեն աշխատանքի առայժմ չեմ վերադառնում։
Շատ կուզեի հաղթող մասնակցին բարի ընթացք մաղթել, բայց սա այդ դեպքը չէ։ Մրցույթի արդյունքը վարչաիրավական աճպարարության հետևանք է, որը տանում եմ դատարան։ Խնդիրը քննարկվել է ոլորտի մի շարք ամենահեղինակավոր մասնագետների հետ, և ընդհանուր պատկերացումն այն է, որ իրավիճակը պետք է պատշաճ իրավական գնահատական ստանա։ Սկսում ենք բողոքարկել մրցույթի արդյունքները՝ ամենայն հավանականությամբ հենց այսօրվանից։
Ընթացքը կանխատեսելի էր, հայցերը՝ վաղօրոք նախապատրաստված։
Իրավիճակի կապակցությամբ կասեմ հետևյալը՝
Ունկնդիրներին, լրագրողական համայնքին․
Այն, որ հիմա Ընկերության վրա ազդեցությունս զրոյական է, չի նշանակում, որ ռադիոյի համար այլևս պատասխանատու չեմ։ Ընդհակառակը՝ զարգացումների հետագա ընթացքը իմ ձախողման հետևանքն է։ Չեմ եղել բավականաչափ համոզիչ, բավականաչափ մրցունակ, բավականաչափ պինդ։ Բայց թեև իմ կարիերայի իմաստով հեռանկարն աղոտ է, հանրային հեռարձակման ինստիտուտի կայացման տեսանկյունից իրավիճակն առավել քան բարենպաստ է։ Հնարավորությունների այսպիսի պատուհան դեռ չի եղել, և եկեք այն օգտագործենք։ Օրակարգը՝ խմբագրական ինքնիշխանության, ստեղծագործական ազատության և մասնագիտական արժանապատվության սկզբունքների վրա խարսխված, պետությունից անկախ հանրային հեռարձակում ստանալն է։ Ըստ էության այն, ինչ երաշխավորված է օրենքով, բայց միշտ չէ, որ կա։ Իսկ երբ կա էլ, վստահ եղեք, որ ինչ-որ մեկը դրա համար անհամաչափ բարձր գին է վճարում։ Բոլոր նրանց, ում հետաքրքիր են հանրային հեռարձակում, հանրային լրատվամիջոց երևույթները, առաջարկում եմ հետս կապ հաստատել։ Գրառման տակ պլյուս դնելով է, անձնական հաղորդագրությամբ․․․ ցանկացած այլ ձևով ձեր մասին իմաց տվեք։ Կհավաքվենք, հետաքրքրությամբ կլսեմ ձեր գաղափարները, կկիսվեմ ռազմավարության վերաբերյալ իմ պատկերացմամբ։ Ի գործ։
Մայր ռադիոյի կոլեկտիվին․
Ռադիոյի սիրելի մարդիկ, Աստված վկա, արել եմ հնարավորն ու անհնարինը, որ այսպես չլինի։ Շատերիդ կողմից ինձ հաճախակի մեղսագրվող ճկունության բացակայությունը հաշիվ չէ։ Մի անգամ էլ ասեմ, ու փակենք այս թեման: Բոլորիդ քաջ հայտնի հարցերից հատկապես ո՞ր մեկի շուրջ ցուցաբերեի ճկունություն։ Վստահեցնում եմ՝ ձեզ պետք չէր լինի այդպիսի տնօրեն։ Թրի տակով անցած ղեկավարն աղետ է իրեն վստահված մարդկանց համար։ Հավատացեք՝ գիտեմ, ինչ եմ ասում։ Իրավիճակը դիտարկեք հակառակ կողմից։ Ղեկավարության փոփոխությունը հնարավորությունների պատուհան է։ Հիմա ձեզանից յուրաքանչյուրը պիտի փորձի բարելավել դիրքերը, ստանալ այն, ինչն այս կամ այն պատճառով չի ստացել ինձանից։ Ձեզ ցույց տվեք։ Փայլեք, ինչպես հասու է միայն ձեզ՝ Ռադիոտան մարդկանց, և ամեն ինչ կլինի գերազանց։ Իսկ եթե ընթացքն այլ ուղղությամբ սկսի զարգանալ, ինչը նույնպես բացառված չէ, ձեզ «հուշանվեր» եմ թողել։ Գտեք այն։ Խմբվեք դրա շուրջ։ Այն պետք է որ մեղմի հնարավոր բացասական զարգացումները։ Հասկացողը հասկացավ, չհասկացողին կբացատրի։ Ես էլ այնպես չէ, որ հեռու եմ, 24/7 հասանելի: Հրաժեշտ չեմ տալիս։
Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներին․
Խորհուրդ, հիրավի դուք չքնաղ եք։ Ինձ փոխարինել պատրաստ մարդու ձեր և ձեր վերադասների փնտրտուքն ավարտվեց այն բանով, որ այս երկրում ապրող, այս հողի վրա քալյող և այս օդը շնչող յուրաքանչյուր ոք, ում այդ հարցով մոտեցել եք, ձեր առաջարկը համարել է անպարկեշտ, բայց դուք չեք ընկճվել, ընդլայնել եք որոնման աշխարահագրությունը և ի վերջո երկրի ռազմավարական տեղեկատվական ենթակառուցվածքի ղեկը հանձնել վերջին 28 տարին Պրահա քաղաքում մշտապես բնակվող ԱՄՆ քաղաքացու։ Խոսքեր չունեմ։ Ծափահարում եմ հոտնկայս։
Վերադասներ ասելով էլ մոտավորապես նկատի ունեմ հրապարակի առանձնասենյակներում նստող այն մարդկանց, ում մոտ որ մի երկու շաբաթ առաջ ձեր թեկնածուին տարել էիք «ստուգատեսի»։ Մինչդեռ Խորհրդի միակ իմաստը Հանրայինի և իշխանության միջև պատնեշ լինելն ու իշխանավորների «խածելկաներից» Հանրայինը զերծ պահելն է։ Իրենց հարկերից ամեն տարի մարդիկ 160 միլիոն դրամ ձեզ հենց դրա համար են տալիս, այլ ոչ թե «ամբողջ աշխարհում պետության առաջին դեմքերի հետ հարցազրույցները չեն ենթադրում բանավեճ» կարգի հայտարարությունների։
Մի պահ ձեռքներդ դրեք խղճներիդ, դուք 160 միլիոնի գործ ե՞ք անում։ Վաղը, երբ այս ամենն ավարտվի, ու գնաք նոր աշխատանք փնրելու, ձեր CV-ների մեջ ի՞նչ եք գրելու՝ էն «քի ըչիվմընթս» բաժնում։ Ձեր էրեխեքին ու թոռներին ինչպես եք բացատրելու, որ մտավորականի, արվեստագետի, այլախոհի մի ողջ կյանք ապրած լինելուց հետո, ձեզ համար անդրոպովյան շրջանի «պարտնոմենկլատուրշիկի» ավարտն ընտրեցիք։
Հիրավի ինչին դիպչում ենք, վերջում ՍՄԿԿ է դառնում։
Հանձնվելիս մարդ միշտ չէ, որ մեռնում է, բայց միշտ չեղարկում է ինքն իրեն։
Գուցե մանկամիտ հնչի, բայց մինչև վերջ հավատում էի, որ կհետևեք ձեր գործընկերոջ՝ Վահրամ Մարտիրոսյանի օրինակին, ու հրաժարական կտաք։ Հիմա տեսնում եմ, որ անուղղելի լավատեսություն է ռազմագերիներից «Չե Գևարայի» վարքագիծ ակնկալելը։ Միակ խնդիրն այն է, որ ձեր գերությունը կամավոր է։ Որևէ օրենք չի պարտադրում ձեզ «շեֆ» ունենալ։ Դուք եք դա որոշել։
Իսկապես խոսքեր չունեմ։ Անուղղելի լավատեսությամբ կրկնում եմ մրցույթի նախարոդ փորձի կապակցությամբ արածս հորդորը՝ Արա Շիրինյան, Վահագն Թևոսյան, Արփի Ոսկանյան, Վասակ Դարբինյան, Վարուժան Օլքինյան և Արամ Սուքիասյան, վայր դրեք լիազորությունները։ Ձեզ մոտ մի տեսակ չի ստացվում, նույնիսկ երբ թվում է, թե ստացվում է»։