Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու և Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու վերաբերյալ ԵՄ խորհրդի որոշումները Հայաստանին ավելի կմոտեցնեն ԵՄ-ին և հակառակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոնստանտինոս Կոմբոսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Փաստացի սա իմ առաջին այցն է ԵՄ անդամ երկիր ԵՄ խորհրդի կողմից ընդունված պատմական, մասնավորապես Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի և Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանի օգնություն տրամադրելու վերաբերյալ որոշումներից հետո: Եվ ես կարծում եմ, որ սա նաև խորհրդանշական է, քանի որ մենք տեղյակ ենք Կիպրոսի աջակցության մասին՝ այս պատմական հանգրվաններին հասնելու ճանապարհին: Այսպիսով, ես ցանկանում եմ օգտվել այս առիթից և շնորհակալություն հայտնել Ձեզ, հարգելի՛ նախարար, ինչպես նաև անդամ երկրների մյուս գործընկերներին՝ մեր երկրին ցուցաբերած աջակցության համար, այդ թվում՝ ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու միջոցով, որոնք, իհարկե, մենք հանձնառու ենք շարունակել»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Նա հավելել է, որ ԵՄ խորհրդի ընդունած երկու որոշումներն էլ ավելի կմոտեցնեն Հայաստանին և Հայաստանի քաղաքացիներին ԵՄ-ին ու հակառակը, նաև կնպաստեն Հայաստանի դիմակայունությանը և, հետևաբար, տարածաշրջանային կայունության ամրապնդմանը:
«Զուգահեռաբար, մինչ մենք աշխատում ենք Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ընդլայնված օրակարգի հեռանկարների շուրջ, մենք քննարկում ենք օրակարգային այլ նոր հարցեր»,- նշել է Արարատ Միրզոյանը: