Հետևեք մեզ։

Ոչ միայն ԵՄ-ի, այլ նաև ԱՄՆ-ի հետ Հայաստանն համատեղ աշխատում է ծրագրի վրա, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետության դիմակայունության մակարդակը. Միրզոյան

02:34, 30 հուլիս 2024
Ոչ միայն ԵՄ-ի, այլ նաև ԱՄՆ-ի հետ Հայաստանն համատեղ աշխատում է ծրագրի վրա, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետության դիմակայունության մակարդակը. Միրզոյան

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները պատասխանել են նաև լրագրողների հարցերին։ 

Պատասխանելով ԵՄ հետ ՀՀ գործընկերության վերաբերյալ “Associated Press”-ի հարցին՝ ԱԳ նախարար Միրզոյանը նշել. «Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը և Խաղաղության եվրոպական գործիքի ներքո Հայաստանին աջակցություն տրամադրելու որոշումներն ավելի մեծ համագործակցության, ավելի մեծ պատկերի միայն երկու օրինակն են։ Մենք ներկայումս անցնում ենք ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների էական խորացման գործընթաց, ունենք գործընկերության նոր օրակարգ, մենք մտածում և աշխատում ենք նոր մեխանիզմների և գործիքների շուրջ, որոնք կարող են օգտագործվել։ Ավելացնեմ նաև, որ Հայաստանի ժողովուրդը, մենք ունենք եվրոպական ձգտումներ, և ԵՄ-ն ճանաչում է այդ ձգտումները, ուստի հիմա մենք միասին մտածում և աշխատում ենք, ինչպես ասացի, նոր գործիքների, Հայաստանը ԵՄ-ին ու անդամ երկրներին և հակառակն ավելի մոտեցնելու նոր մեխանիզմների շուրջ։ Կցանկանայի նաև կրկնել այն արտահայտությունը, որը ՀՀ վարչապետն ասաց Եվրոպական խորհրդարանում իր ելույթում. «Հայաստանն իր կողմից պատրաստ է ԵՄ-ին մոտենալ այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի»»:

 

Բացի այդ, Միրզոյանը նշել է, որ ոչ միայն ԵՄ-ի, այլ նաև ԱՄՆ-ի հետ Հայաստանն համատեղ աշխատում է ծրագրի վրա, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետության դիմակայունության մակարդակը այս դժվարին ժամանակներում՝ նկատի ունենալով այն սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնք կան Հայաստանում և Հայաստանի շուրջ մեր տարածաշրջանում:

 

«Այսպիսով, գործընթացները շարունակվում են, և հուսանք, որ մենք կտեսնենք նոր ու նոր ծրագրեր, համատեղ գործիքների գործարկում»,-ասել է նա: