Նիկոսիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 29-ին հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև բարձր մակարդակում քաղաքական երկխոսության օրակարգի և տարածաշրջանային հարցերի։
ՀՀ ԱԳ նախարարը և Կիպրոսի նախագահն ընդգծել են երկու երկրների միջև գործընկերության ընդլայնման, օրակարգը նոր ուղղություններով հարստացնելու և շոշափելի արդյունքների շարունակականությունն ապահովելու հարցում Երևանում ու Նիկոսիայում ռեզիդենտ դեսպանություններ բացելու վերաբերյալ երկուստեք կայացված որոշման կարևորությունը։ Արարատ Միրզոյանը նշել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, մասնավորապես տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության խթանման ուղղությամբ նոր նախաձեռնություններ կյանքի կոչելու պատրաստակամությունը։
Ընդգծվել է ներկայիս բարդ աշխարհաքաղաքական պայմաններում երկու երկրների սերտ համագործակցության նշանակությունը՝ թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ բազմակողմ հարթակներում։
Անդրադարձ է կատարվել նաև Եվրոպական միության հետ Հայաստանի համապարփակ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ համատեղ ջանքերին։
Տարածաշրջանային զարգացումների համատեքստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ ՀՀ մոտեցումները, այդ թվում՝ տարածքային ամբողջականության ճանաչմամբ խաղաղության պայմանագրի կնքման, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման շարունակականության ապահովման վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել առավել լայն տարածաշրջանային նշանակություն ունեցող «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման կարևորությանը և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցության հարցերի։