Իրավիճակն առաջնագծում հարաբերական կայուն է․ այս մասին այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։
Լրագրողների հարցին՝ ի՞նչ է կատարվում Տեղ գյուղում, սահմանազատման աշխատանքնե՞ր են իրականացվում՝ արձագանքեց. «Ես դրա հետ գործ չունեմ, Գլխավոր շտաբի պետը սահմանազատումով չի զբաղվում: Սահմանազատման, սահմանագծման աշխատանքների համար կա համապատասխան հանձնաժողով, այդ հանձնաժողովն աշխատանքներով զբաղվում է, ԳՇ պետն ունի ներկայացուցիչ հանձնաժողովի կազմում, ձեր հարցերին կարող է պատասխանել հանձնաժողովը, ինձ հարցեր մի տվեք»:
Հարցին՝ ադրբեջանցիները հետ գնացե՞լ են՝ նա պատասխանեց․ «Ադրբեջանցիների հետ գնալու, առաջ գալու վերաբերյալ դուք ընդհանրապես գործ չունեք: Ոչ մի գյուղ էլ չեն մտել»:
ԳՇ պետն ասաց, որ ՀՀ վարչապետը կառավարության նիստում անդրադարձել է, պաշտպանության գերատեսչությունը պատասխանները տալիս է պաշտոնական լրահոսի միջոցով։
Հարցին՝ ադրբեջանցի զինվորները ինչպես են մտել Սիսիան, ԳՇ պետը նշեց, որ լրագրողները ռազմական գործից բան չեն հասկանում։«Ռազմական գործում լինում են իրադրություններ, երբ հակառակորդի ստորաբաժանումը կարող է հայտնվել մեր տարածքում, մեր ստորաբաժանումը՝ հայտնվել իրենց տարածքում, այս պարագայում կա համապատասխան գործողությունների սխեմա, մտահղացում, որին համապատասխան գործում ենք»,-ասաց նա։