Հետևեք մեզ։

ՄԱԿ-ը կոչ է արել աշխարհին վերանայել Իսրայելի հետ քաղաքական հարաբերությունները

15:28, 30 հուլիս 2024
ՄԱԿ-ը կոչ է արել աշխարհին վերանայել Իսրայելի հետ քաղաքական հարաբերությունները

Աշխարհի պետությունները պետք է վերանայեն բոլոր դիվանագիտական, քաղաքական և տնտեսական հարաբերությունները Իսրայելի հետ՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության, ասվում է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողների հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից(OHCHR)։


Հուլիսի 19-ին Արդարադատության միջազգային դատարանը խորհրդատվական եզրակացություն է տվել Իսրայելի կողմից պաղեստինյան տարածքների օկուպացիայի իրավական հետեւանքների վերաբերյալ։

Դատարանը գտել է, որ Իսրայելի բնակավայրերի գործունեությունը խախտում է միջազգային իրավունքը և հանդիսանում է անեքսիա։

Դատարանը կոչ է արել Իսրայելին որքան հնարավոր է շուտ դադարեցնել նոր բնակավայրերի գործունեությունը պաղեստինյան տարածքներում և իր անօրինական ներկայությունն այնտեղ, ինչպես նաև հատուցել անօրինական օկուպացիայի հետևանքով պատճառված վնասը։

«Մինչ Անվտանգության խորհուրդը և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կքննարկեն անօրինական օկուպացիայի շուտափույթ ավարտը ապահովելու ռազմավարությունը, պետությունները պետք է անհապաղ վերանայեն բոլոր դիվանագիտական, քաղաքական և տնտեսական կապերը Իսրայելի հետ, ներառյալ՝ բիզնես և ֆինանսական կապերը, կենսաթոշակային ֆոնդերը, գիտական ​​փոխանակումները և բարեգործական կազմակերպությունները»,- ասված է փաստաթղթում։

ՄԱԿ-ի փորձագետները կոչ են արել զենքի էմբարգո կիրառել, դադարեցնել ցանկացած այլ առևտուր, որը կարող է վնասել պաղեստինցիներին, և նպատակային պատժամիջոցներ ձեռնարկել, ներառյալ ակտիվների սառեցում իսրայելական անհատների և կազմակերպությունների դեմ, որոնք «ներգրավված են ռասայական տարանջատման և ապարտեիդի անօրինական օկուպացիայի մեջ»:

«Հուլիսի 19-ի դատարանի որոշումից ի վեր Իսրայելն ակտիվացրել է իր հարձակումները Գազայի խաղաղ բնակչության և նրա բնական պաշարների դեմ:

Իսրայելը պետք է համապատասխանի այս խորհրդատվական եզրակացությանը և ՄՔԴ-ի այս տարվա այլ որոշումներին:

Իսրայելը պետք է դադարի գործել այնպես, կարծես օրենքից վեր է»,- ասված է հայտարարության մեջ։