Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության ներկայացուցիչները տասնամյակներ անց հայկական կողմին են փոխանցել «Զվարթնոց» անցակետում պետական սահմանի պաշտպանության գործառույթները։ Այդ մասին տեղեկացնում է «Սպուտնիկ Արմենիան»։
Որոշման համար հիմք է հանդիսացել հայկական կողմի 2024 թվականի մարտի 1-ի դիմումը՝ «Զվարթնոց» օդային անցակետի նկատմամբ սահմանային հսկողությունն ամբողջությամբ (1992 թվականից ծառայությունն իրականացվում է համատեղ) ՀՀ սահմանապահ զորքերի իրավասությանը հանձնելու մասին։
Արձանագրությունը ստորագրել են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը և Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին։
Պաշտոնական արարողությանը Երևանում ներկա են եղել Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային տնօրինության և Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի ղեկավարությունն ու անձնակազմը։
Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մաքսիմ Սելեզնյովը հիշեցրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի անցակետում նախ խորհրդային, ապա ռուս և հայ սահմանապահները հսկել են 60 տարի։ Սելեզնյովն ընդգծել է, որ ռուս սահմանապահներն այս տարիների ընթացքում համարժեք կերպով ներկայացրել են Ռուսաստանը և ԱԴԾ սահմանային ծառայությունը։
«Դուք անգնահատելի փորձ, գիտելիքներ և հմտություններ եք փոխանցել ձեր հայ գործընկերներին՝ հուսալի հիմքեր դնելով անցակետի հետագա բարձր մակարդակով գործունեության համար»,- հավելել է նա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում: