Հետևեք մեզ։

Համապատասխան իրավական հիմքեր կստեղծվեն ռազմարդյունաբերական քաղաքականության հիմնական սուբյեկտների գործունեության պատշաճ իրականացման համար

13:17, 01 օգոստոս 2024
Համապատասխան իրավական հիմքեր կստեղծվեն ռազմարդյունաբերական քաղաքականության հիմնական սուբյեկտների գործունեության պատշաճ իրականացման համար

Կառավարությունը հավանություն է տվել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

 

Որոշմամբ առաջարկվող փոփոխություններով և լրացումներով առաջարկվում է համապատասխան իրավական հիմքեր ստեղծել ռազմարդյունաբերական քաղաքականության հիմնական սուբյեկտների՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության և ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմնի համար նշված ոլորտում իրենց գործունեության պատշաճ իրականացման համար, կանոնակարգել ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նախագծերի ներկայացման և հաստատման, ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում ԳՀՓԿԱ արդյունքների փորձարկումների և դրանց ընդունման-հանձնման աշխատանքների հետ կապված հարաբերությունները:

 

Ռազմարդյունաբերական ոլորտում ԳՀՓԿԱ իրականացնող սուբյեկտները հաճախ առնչվում են այնպիսի հանգամանքների, երբ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ռազմական կամ երկակի նշանակության հիմնական բաղադրիչները, նյութերը ձեռք բերելը դառնում է անհնարին՝ դառնալով ԳՀՓԿ աշխատանքների իրականացման անհնարինության կամ ժամկետների էական խախտման պատճառ: Այս խնդիրների լուծման նպատակով լիազոր մարմնի համար սահմանվում է լիազորություն՝ կազմակերպել անհրաժեշտ ապրանքների, նյութերի, լրամասերի և բաղադրիչների ձեռքբերում և պահուստավորում՝ ապահովելու համար նշված աշխատանքների անընդհատությունը և ԳՀՓԿԱ իրականացման ժամկետների արդյունավետությունը: Նշված գործառույթները կիրականացվեն ՀՀ կառավարության կողմից սահմանվելիք կարգով: Տեղական ռազմարդյունաբերության զարգացման պայմաններում իրականության մեջ ռազմարդյունաբերական սուբյեկտ չհանդիսացող բազմաթիվ սուբյեկտներ սեփական նախաձեռնությամբ և սեփական միջոցներով իրականացված աշխատանքների արդյունքում ստանում են տարբեր խնդիրներ լուծող ռազմական նշանակության որոշակի տեխնիկական բնութագրերով արտադրանք կամ լրամասեր: Այս արտադրանքների, լրամասերի պետական փորձարկումների կազմակերպման, դրանց տեխնիկական բնութագրերի համապատասխանության մասին փաստաթղթի տրամադրման համար լիազոր մարմնին տրվում է համապատասխան գործընթացների կազմակերպման լիազորություն՝ դրանք հետագայում ռազմարդյունաբերական ոլորտում կիրառելու համար: Առաջարկվող փոփոխությամբ և լրացումներով կհստակեցվեն ռազմական արդյունաբերության արտադրանքի (աշխատանքի, ծառայության) կազմակերպման, ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակներում ԳՀՓԿԱ արդյունքների փորձարկումների և դրանց ընդունման-հանձնման աշխատանքների հետ կապված հարաբերությունները, ինչը հնարավորություն կտա առավել արագ և դյուրին ընթացակարգով ԳՀՓԿԱ արդյունքներով ստեղծված նոր ռազմական ապրանքը կամ գույք տրամադրել իրավասու պետական մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության նպատակով օգտագործելու համար: