ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանը հինգշաբթի օրը գերիների փոխանակման շրջանակներում չորս մարդու է հանձնել ամերիկյան իշխանություններին՝ լրագրող Էվան Գերշկովիչին, «Ազատություն» ռ/կ լրագրող Ալսու Կուրմաշևային, նախկին ծովային հետևակային Փոլ Ուիլանին և ռուս ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզային։
«Այսօր Ռուսաստանում անարդարացիորեն բանտարկված ԱՄՆ-ի երեք քաղաքացիները և մեկ գրին քարտի սեփականատերը վերջապես վերադառնում են տուն»,- ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։
Պետության ղեկավարի խոսքով՝ ընդհանուր առմամբ բանակցել են Ռուսաստանից 16 հոգու ազատ արձակման շուրջ, այդ թվում՝ Գերմանիայի 5 և Ռուսաստանի 7 քաղաքացիների, որոնք իրենց երկրում քաղբանտարկյալներ են եղել։
Ջո Բայդենն այդ գործարքն անվանել է դիվանագիտական սխրանք: