Հետևեք մեզ։

Արցախի պաշտպանության վերջին նախարարը նշանակվել է Սուրեն Պապիկյանի խորհրդական. «Ժողովուրդ»

10:00, 02 օգոստոս 2024
Արցախի պաշտպանության վերջին նախարարը նշանակվել է Սուրեն Պապիկյանի խորհրդական. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական: Այս մասին մեզ հետ զրույցում հաստատեց հենց ինքը՝ Կամո Վարդանյանը (Թիվ մականունով):

 

Հիշեցնենք, որ 2020 թվականի պատերազմի ավարտից մեկ տարի հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ սեպտեմբերի 11-ին գեներալ-մայոր Կամո Վարդանյանը նշանակվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար:

 

Վերջինիս հրամանատարության օրոք հենց Արցախը հանձնվեց հակառակորդին:

 

Ավելին՝ Արցախը հանձնելուց առաջ՝ Կամո Վարդանյանը նաեւ ողջ հանրապետության սպառազինությունը գեղեցիկ մատուցմամբ հանձնեց Ադրբեջանին:

 

Եվ չի բացառվում, որ հայրենիքի եւ սպառազինության հանձնումը թշնամուն իր գինն է ունեցել. Կամո Վարդանյանն ու Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Արցախից վերադառնալիս նույն ինքնաթիռում են եղել, ու ինքնաթիռով վայրէջք կատարել Սիսիանում:

 

Հիմա Շահրամանյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է Արցախը հանձնելու համար, իսկ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից պաշտոնի է նշանակվում. մեղմ ասած՝ անհասկանալի իրավիճակ է:

 

«Ժողովուրդ» օրաթերթը Կամո Վարդանյանին հարց ուղղեց այն մասին, որ, լինելով ՊԲ վերջին հրամանատար, հայրենիքը հանձնելուց հետո ինչպես է նոր պաշտոն ստացել, ինչին նա արձագանքել է. «Պարոն Վարդանյանը մնացել է ՊԲ-ում՝ մինչեւ ՊԲ-ից վերջին մարդիկ դուրս գան, զոհված, անհետ կորած զինծառայողների որոնումներ անեն։ Ինչ հանգամանքներում դուրս եկա՞վ….Այդպես դուրս եկավ»:

 

Մեր պնդմանը, որ պաշտոնն ավելի թանկ է, քան հայրենիքը չհանձնելը, նա նշեց. «Կամո Վարդանյանը պատահական է ողջ մնացել, ոչ միայն վերջին` այլեւ բոլոր պատերազմներում, այսքանը»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում: