Ուզում եմ խոնարհությամբ ողջունենք մեր նահատակ զավակների մայրերին, որոնց մենք կոչել ենք հայրենիքի մայրեր։ Ինչպես Եղիշեն էր ասում՝ փափկասուն տիկնայք թողել էին ամեն ինչ ու արևի տակ ոտաբոբիկ քայլում էին իրենց տղամարդկանց սպասելով, այսօր էլ այդ պատկերն է իմ աչքերի առաջ։ Մշտապես պայքարող տեսակը մեր ազգի մեջ առաջին հերթին կանայք են։Այս մասին այսօր Սրբազան պայքարի շրջանակներում տեղի ունեցած կանանց ֆորումի ժամանակ ասաց Բագրատ սրբազանը։
«Ես չեմ խոսելու կանանց դերի մասին, դա 21-րդ դարի կեղծիքն է։ Հանրային կյանքում որևէ տարանջատում գոյություն չունի։ Երբ մարդիկ խոսում են կանանց դերի մասին, ինձ թվում է արհեստականորեն փորձում են ցույց տալ, թե որքան նվազ դեր ունեն կանայք, ինչն այդպես չէ»,-ասաց նա։
Սրբազանն ասաց, որ պայքարի առաջին իսկ վայրկյանից գրեթե յուրաքանչյուրին տեսել է ամենաակտիվ կերպով․«Այնտեղ, որտեղ մենք թերևս երկու անգամ կմտածեինք ինչ-որ բան ասելու կամ անելու, դուք առջևում եք եղել»։