Հետևեք մեզ։

Պոլսո հայոց պատրիարքն այցելել է Թուրքիայի Քընալը կղզում հարձակման ենթարկված հայ համայնքի ներկայացուցչին

11:01, 03 օգոստոս 2024
Պոլսո հայոց պատրիարքն այցելել է Թուրքիայի Քընալը կղզում հարձակման ենթարկված հայ համայնքի ներկայացուցչին

Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը օգոստոսի 2-ին այցելել է Թուրքիայի Քընալը կղզու շուկայում հայ համայնքի՝ հարձակման ենթարկված հայտնի ներկայացուցիչ Կարո Գաբրիելյանին:

 

Այս մասին տեղեկանում ենք պատրիարքության Ֆեյսբուքի էջից:

 

«Պատրիարք Հայրը յայտնեց, որ նման արարք մը ցաւ պատճառած էր բոլոր լսողներուն մօտ։ Ինք եւս կը ցաւակցէր և փափաքած էր անձամբ այցելել Գաբրիէլեանը իր բնակարանին մէջ։

 

Զրոյցի տևողութեան ընթացքին Գաբրիէլեան ընտանիքի անդամները մանրամասնութիւններ փոխանցեցին յուզիչ դէպքին մասին։

 

Կարօ Գաբրիէլեան վիրաւորուած է քիթէն ու ձեռքէն։ Ոստիկանութիւնը հետաքննութիւն բացած է դէպքի առնչութեամբ։

 

Անոնք ըսին, որ տեղական ու համայնքային զանազան շրջանակներ կը պախարակեն դէպքը, բան մը որ մխիթարական երևոյթ էր իրենց համար»,- ասված է գրառման մեջ:

 

Հիշեցնենք, որ Թուրքիայի Քընալը կղզու շուկայում հարձակման է ենթարկվել հայ համայնքի հայտնի ներկայացուցիչ Կարո Գաբրիելյանը։ Այս մասին հայտնում է «Ակոս» շաբաթաթերթը։

 

Նշվում է, որ հարձակման ժամանակ Գաբրիելյանի հասցեին ազգությունով պայմանավորված խտրական վիրավորանքներ են հնչել։ Գաբրիելյանը հայտնել է, որ հարձակման հետևանքով իր մատը կոտրվել է և դեմքին հարվածների հետքեր կան:

 

Ոստիկանությունից նշել են, որ միջոցներ են ձեռնարկում և գործը կուղարկվի դատախազություն։