Իրանում անվտանգության տասնյակ աշխատակիցներ են ձերբակալվել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության գործով, գրում է New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Իրանում կալանավորվել է ավելի քան երկու տասնյակ մարդ, այդ թվում՝ հետախուզության բարձրաստիճան սպաներ, զինվորականներ և Թեհրանի զինվորականների կողմից պաշտպանված հյուրատան աշխատակիցներ (որտեղ մահացել է Հանիեն-խմբ.)»,- ասվում է հոդվածում։
Հրատարակության տվյալներով՝ հարձակումից անմիջապես հետո անվտանգության աշխատակիցները մեկուսացրել են հյուրատան բոլոր աշխատակիցներին ու առգրավել նրանց էլեկտրոնային սարքերը, այդ թվում՝ բջջային հեռախոսները։ Գործակալները նաև հարցաքննել են Թեհրանի անվտանգության համար պատասխանատու հետախուզական և ռազմական բարձրաստիճան սպաներին:
Ըստ New York Times-ի աղբյուրների, Իրանի հետախուզական ծառայությունները կարծում են, որ «Մոսադի կողմից վարձված գործակալները դեռևս երկրում են և նպատակ ունեն ձերբակալել նրանց»:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հուլիսի 31-ին հայտնել է, որ Հանիեն սպանվել է Թեհրանում գտնվող իր նստավայրի վրա հարձակման հետևանքով, ուր նա ժամանել էր Իրանի նոր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով: