Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Արամ Երիցյանին կալանավորելու վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արամ Երիցյանի եղբայրը՝ փաստաբան Ռոման Երիցյանը։
«Մինչև հիմա հույս էինք պահում, որ Քննչական կոմիտեն չի դիմի դատարան եղբորս կալանավորելու միջնորդությամբ, բայց ապարդյուն: Քիչ առաջ տեղեկացանք, որ նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ եղբորս կալանավորելու համար երկու ամսով: Հիմա ես եւ եղբայրս ունենք բոլորիդ աջակցության կարիքը՝ և՛ արցախցիների, և՛ Հայաստանի բոլոր քաղաքացիների, այն բանի համար, որ եղբայրս ենթարկվել է շատ դաժան ծեծի, ունի վնասվածքներ եւ այս վիճակում նրան տանում են կալանավորման, իսկ պարեկները գտնվում են ազատության մեջ»,- ասաց նա։
Նշենք, որ նախաքննական մարմինն ու Ռոման Երիցյանը միմյանց մեղադրում են կողմերի նկատմամբ ուժ կիրառելու մեջ։