Ուրախ եմ, որ մեդալով եմ վերադառնալու: Կուզեի ոսկով... Ափսոս էր: Մեկ քայլ առաջ գնացինք: Կմարզվեմ, կպատրաստվեմ 2028 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին, անպայման:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Փարիզից ասել է Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը՝ մեկնաբանելով իր մրցելույթն ու արծաթե նվաճումը Փարիզ-2024-ում:
Ֆրանսիայի մայրաքաղաքում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանը նվաճեց Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին մեդալը:
Սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարում հենացատկի վարժության եզրափակիչում 32-ամյա մարմնամարզիկը 14.966 միավորով նվաճեց օլիմպիական փոխչեմպիոնի տիտղոսը:
«Ոսկե մեդալի համար պակասեց երկու ցատկերից մաքուր ավարտը: Ոսկե մեդալ նվաճելու միակ տարբերակս այն կլիներ, որ երկու ցատկերիս վերջնամասում քայլ չանեի, մաքուր կանգնեի: Ֆիլիպինցի մարմնամարզիկի ցատկերից մեկն իմ ցատկերից չորս տասնորդական բարդ էր: Իսկապես նա շատ լավ ցատկեց: Նրան հաղթելու իմ միակ հնարավորությունն այն էր, որ պետք է գայի, կանգնեի ու քայլ չանեի երկու ցատկերի դեպքում էլ»,ասել է նա։