Հետևեք մեզ։

Երևան-Մեղրի ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է. կան տուժածներ

16:53, 05 օգոստոս 2024
Երևան-Մեղրի ավտոճանապարհին կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է. կան տուժածներ

 

Օգոստոսի 5-ին, ժամը 12:20-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 143-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1964 թ․) կողաշրջվել է, առկա է դիզելային վառելիքի արտահոսք. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Փրկարարները վարորդին և ուղևոր Մ․ Հ․-ին (ծնված 1989 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։

Բեռնատարից առկա է յուղի արտահոսք․ փրկարարների կողմից դեպքի վայրում իրականացվել է հերթապահություն և ճանապարհի լվացման աշխատանքներ:

Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։