Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի Նովոսիբիրսկում օգոստոսի 14-ից 16-ն անցկացվելիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» զորավարժություններին, որոնք կանցկացվեն Ռոսգվարդիայի ղեկավարությամբ։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ռոսգվարդիայի մամուլի ծառայությանը։
«2024 թվականի օգոստոսի 14-ին ՌԴ Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության ղեկավարությամբ Նովոսիբիրսկի մարզում՝ գերատեսչության ուսումնական կենտրոնի բազայում, տեղի կունենա ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կառավարման մարմինների և հատուկ նշանակության ուժերի կազմավորումների «Կոբալտ-2024» հատուկ վարժանքի հանդիսավոր բացումը։ Զորավարժությունները կավարտվեն օգոստոսի 16-ին», - նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը կմասնակցեն ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ:
ՀԱՊԿ զորավարժությունների մասնակից երկրների թվում Հայաստանը չի նշվում։