Հետևեք մեզ։

Գայանե Սահակյանը 18 տարի Առողջապահության նախարարությունում աշխատելուց հետո ազատվել է աշխատանքից

15:01, 06 օգոստոս 2024
Գայանե Սահակյանը 18 տարի Առողջապահության նախարարությունում աշխատելուց հետո ազատվել է աշխատանքից

Օգոստոսի 5-ից պաշտոնապես դադարեցրել եմ իմ աշխատանքը Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում, որտեղ համակարգում էի մի քանի ոլորտներ (մարդկային ռեսուրսներ, արխիվավարում, իմունականխարգելում և այլն)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել վէ Գայանե Սահակյանը։

«Ինձ համար առանձնահատուկ կարևոր էր իմունականխարգելումը, քանի որ դեռևս 2006 թվականի օգոստոսին Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ պարոն Արտավազդ Վանյանի առաջադրմամբ և երջանկահիշատակ Առողջապահության նախարար պարոն նորայր Դավիդյանի հրամանով նշանակվել էի Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար և հատուկ նշանակության հանձնարարական էի ստացել՝ բարելավել երկրում պատվաստումային գործընթացը և պատվաստումային ցուցանիշները։ Ինչու՞։ 2005 թվականին Հայաստանում  ժողովրդագրության և առողջության հարցերով հետազոտության արդյունքում պարզվել էր, որ  երեխաների միայն 60 տոկոսն էին ստացել իրենց տարիքային պատվաստումները, իսկ 2006 թվականին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացված հետազոտության համաձայն այս ցուցանիշն ավելի էր նվազել՝ մոտ 46 տոկոս։ 
 
Երկար և տքնաջան թիմային աշխատանքի շնորհիվ, հատկապես առաջին երկու տարվա ընթացքում աշխատելով նույնիսկ շաբաթ և կիրակի օրերին, արդյունքն արդեն տեսանելի եղավ 2010 թվականին և 2015 թվականներին իրականացված ժողովրդագրության և առողջության հարցերով հետազոտություններով՝ 80 տոկոս և 89 տոկոս համապատասխանաբար։ Ներկայում՝ 2024 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ, երեխաների առնվազն 92 տոկոսը ստացել են տարիքային բոլոր հիմնական պատվաստումները։ 


Որպես Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար, անչափ երախտապարտ եմ իմ անմիջական ղեկավար պարոն Արտավազդ Վանյանին , ով վստահել է իմ կարողություններին և ունակություններին, միշտ աջակցել է իմ աշխատանքային 18 տարվա ընթացքում իմունականխարգելման բարելավման ուղղությամբ քաղաքականությունների, իրավական դաշտի մշակման, նոր ռազմավարություններ ներդնելու և իրականացնելու համար։ Առաջնահերթ նշեմ 2007 թվականին կարմրուկի և կարմրախտի դեմ զանգվածային լրացուցիչ պատվաստումների իրականացումը՝ Առողջապահության նախարար պարոն Հարություն Քուշկյանի անմիջական ղեկավարությամբ, որի արդյունքում մինչև 2023 թվականը Հայաստանում կարմրուկի և կարմրախտի վիրուսների տեղական շրջանառություն չգրանցվեց։ Հաջորդը՝ հատուկ սառնարան մեքենաներով պատվաստանյութերի կենտրոնացված բաշխման մեխանիզմի ներդրումն էր՝ դեռ 2010 թվականին, որով բացառվեց տաքսիներով կամ անձնական մեքենաներով պատվաստանյութերի տեղափոխումը՝ բացառելով տեղափոխման հետ անձնական գործերի համատեղումը և հետևաբար, պատվաստանյութերի որակական հատկանիշների փոփոխության ռիսկը։ Ներդրվել են մանկական հիվանդացության վրա ազդող մի շարք պատվաստանյութեր՝ հեմոֆիլուսային Բ վարակի դեմ, ռոտավիրուսային, պնևմակոկային։ Հատկանշական է ռոտավիրուսային պատվաստումների ներդրումը՝ շատ կարճ ժամկետում մանկական մահացությունը կտրուկ նվազեց։ Հանուն անկեղծության նշեմ, որ Հայաստանին համահունչ արդյունք գրանցվեց ռոտավիրուսային պատվաստումներ ներդրած բոլոր երկրներում։ Չեմ կարող չնշել Առողջապահության նախարար պարոն Արմեն Մուրադյանի Արմեն Մուրադյան կողմից ջանքերը՝ շարունակաբար իմունիզացիան օրակարգային հարց դիտարկելու և պոլիոմիելիտի կենդանի օրալ պատվաստանյութից անցումը ինակտիվացվածի խրախուսելու համար, որի շնորհիվ վերացվեց պատվաստանյութով ասոցացված պոլիոմիելիտի առաջացման ռիսկը։ 
Զգալի հաջողություն էր 2018 թվականից սկսած հնգավալենտ պատվաստումներից փուլային անցումը  համակցված վեցավալենտ պատվաստումներին ՝ շնորհիվ Առողջապահության նախարար պարոն Արսեն Թորոսյանի արագ կողմնորոշման և քաղաքական ամուր կամքի պատվաստանյութերի բյուջեի կտրուկ ավելացման միջոցով։ Այս քայլով մեր երկրի համար, իրոք, աննկարագրելի արդյունք ապահովվեց․ մինչև մեկ տարեկան երեխաների պատվաստումների ծածկույթը հնարավոր եղավ բարձրացնել մինչև 92-94 տոկոս, քանի որ հետպատվաստումային ջերմային ռեակցիաները և, հետևաբար հրաժարականները նվազեցին։ Միաժամանակ, մեր ծնողները շատ էին սիրում այս պատվաստումը՝ գերադասում էին շատ թանկ գներով կատարել  մասնավոր բժշկական կազմակերպություններում։  Ամենակարևորը, քովիդի համավարակի սկիզբը համընկավ վեցավալենտի ներդրման ավարտին, որի արդյունքում մեզ հաջողվեց պահպանել պատվաստումների մեր ցուցանիշները՝ այն դեպքում, երբ շատ երկրներում մինչև 30 տոկոսով պատվաստումների ցուցանիշները նվազեցին և մինչև այսօր շատ դժվարությամբ են կարողանում վերադառնալ 2019 թվականի ցուցանիշներին։  
Իհարկե, չեմ կարող չնշել պարոն Արա Բաբլոյանի ներդրումը՝ մշտական պատրաստակամությունը աջակցելու մեր երկրում իմունիզացիայի զարգացման և կայացման համար։ Պարոն Բաբլոյանի «Երկրի բյուջեում առկա միակ մեկ դոլարը կներդնեի իմունիզացիայում» խորիմաստ արտահայտությունը միշտ ուղեկցել է իմ աշխատանքային կարիերիայի ընթացքում։

Շաաաատ կարող եմ թվարկել, բայց խնայում եմ Ձեր ժամանակը😀 


Միայն, մեծ ուրախությամբ կնշեմ, որ այսօր Հայաստանի իմունիկանխարգելման ազգային ծրագիրը ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում հաջողված և օրինակելի  ծրագրերից մեկն է։  


Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում այս 18 տարվա ընթացքում իմ հետ աշխատած իմ թիմին՝ ծանրաբեռնված և շաաաատ դեպքերում արտաժամյա աշխատանքի համար, ամբուլատոր - պոլիկլինիկական բոլոր հաստատությունների բուժանձնակազմին՝  մեծ նվիրման և որպես առաջամարտիկ ողջ ծանրությունն իրենց վրա կրելու համար, լրագրող գործընկերներին՝ միշտ պատրաստակամ, անկողմնապահ իրազեկման համար։ 


Հատուկ շնորհակալություն միջազգային իմ գործընկերներին՝ WHO, UNICEF, GAVI, FIDEC, CDC, TFGH, ECDC,   USAID, UNFPA, MSF, IRC, շարունակական համագործակցության և Իմունականխարգելման ազգային ծրագրին աջակցության համար»։